Արդյոք հնարավոր չէր մինչև նոր իշխանության ձևավորումը չբանակցել և չստորագրել որևէ փաստաթուղթ. Մարուքյան
«Հայ ժողովուրդն արդեն երկու օր է՝ ո՛չ քուն ունի, ո՛չ դադար: Սրա պատասխանն ո՞վ է տալու»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում նման հարց հնչեցրեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով այն փաստաթղթին, որը երեկվանից շրջանառվում է, և որի մասին Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստում խոսելիս ասել էր. «Այո՛, ես ստորագրելու եմ այդ փաստաթուղթը, քանի որ դա 100 տոկոս բխում է ՀՀ շահերից»։
Պատգամավորը հետաքրքրվեց, թե արդյո՞ք հնարավոր չէր մինչև նոր իշխանության ձևավորումը չբանակցել և չստորագրել որևէ փաստաթուղթ։
«Վերջիվերջո մենք գնում ենք ընտրությունների, որովհետև խարխլվել է ժողովրդի կողմից տրված մանդատը, և մենք գնում ենք տեսնենք, թե որ ուժը պետք է շարունակի ՀՀ կառավարումը և ո՞ր ուժը պետք է բանակցի նմանատիպ փաստաթղթեր»,- նշեց նա։
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն էլ հետաքրքրվեց, թե արդյոք այդ դեպքում ևս մեկ ամիս ադրբեջանական զորքերի ներկայացուցիչները պետք է մնան ՀՀ տարածքում։
«Արդյո՞ք դուք ենթադրում եք, որ այս հարցի հետ կապված գործողություններ չանելը նշանակում է, որ ինչ-որ տեղերում ևս կարող են նման դեպքեր լինել։ Դուք գիտեք, որ Վրաստանի ու Ադրբեջանի միջև դելիմիտացիայի պրոցեսը տևում է 26 տարի, արդյո՞ք սա հաշվի առել եք»,- հարց հնչեցրեց նա։
Բացի այդ, Ալեն Սիմոնյանը նկատեց, որ շրջանառության մեջ է դրվել մի փաստաթուղթ, որի տեքստը փակված էր, հետո պարզվել է, որ տեքստի մեջ ինչ ներկայացվում էր, չկա, հիմա էլ ասում են, թե այդտեղ կեսն է, կարող է՝ ինչ-որ այլ բաներ էլ կան։
Ի պատասխան՝ Էդմոն Մարուքյանն ասաց, որ հայտարարության տեքստը մուտք է արվել ԱԺ, նախքան փաստաթղթի տեքստի հրապարակումը։
«Իսկ հայտարարության տեքստը մեր Սահմանադրության հիման վրա է կազմվել։ Ինչ վերաբերում է Վրաստան-Ադրբեջան սահմանի դելիմիտացիային, ապա պետք է տարբերությունը դիտարկենք՝ նրանք փոխադարձաբար մյուս երկրի տարածք զորքերով չեն ներխուժում և չենէ պնդում, թե այդ տարածքը իրենցն է»,- ասաց ԼՀԿ ղեկավարը։
Բացի այդ, Էդմոն Մարուքյանը նշեց, որ իրենք եկել են, որպեսզի իշխանությունը բացատրություն տա, այլ ոչ՝ հակառակը։
«Մենք եկել ենք, պարո՛ն Սիմոնյան, որ դուք բացատրություն տաք, դուք եք իշխանությունը։ Մենք ժողովրդի բարձրացրած ձայնն ուղղակի հնչեցնում ենք այստեղ»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է ադրբեջանական զորքի՝ ՀՀ սահմանում մնալու վերաբերյալ հարցին, ապա Էդմոն Մարուքյանն ասաց՝ նրանք չպետք է մնան ՀՀ սահմանում, Նիկոլ Փաշինյանն է հայտարարել, որ չի հանդուրժելու նրանց։
«Բացի այդ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին ու ՌԴ-ին։ ՊՆ-ն էլ հայտարարել է, որ եթե ողջամիտ ժամկետներում դուրս չգան, ուժ է կիրառվելու։ Ես չունեմ տեղեկություններ, որ զորքի դուրս գալը կապված է այս թղթի ստորագրման հետ»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին