Արմեն Գևորգյան. Իմ իրավունքները և բարի համբավը պաշտպանելու եմ բոլոր ատյաններում, այդ թվում ՄԻԵԴ-ում
ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» նախընտրական դաշինքի շտաբի պետ Արմեն Գևորգյանն արձագանքել է իրեն մեղադրանք առաջադրելու վերաբերյալ ՀՔԾ տարածած հաղորդագրությանը՝ այն որակելով լկտի սուտ։
«Քիչ առաջ տեղեկացա, որ ՀՔԾ-ն հաղորդագրություն է տարածել՝«մանրամասներ» ներկայացնելով ինձ առաջադրված նոր մեղադրանքից։
Ծայրից ծայր սուտ, լկտի սուտ, իրականության հետ որևէ կապ չունեցող հորինվածք։ Այսքանով կարող էի ավարտել։
Բայց այս անգամ ուզում եմ լիաթոք օգտվել չլռելու իմ իրավունքից ու շարունակել։
Երբ ես շատ տարիներ առաջ Ռուսաստանից եկա Հայաստան, այնտեղ թողեցի իմ շատ ավելի անհոգ կյանքը, մերժելով ավելի կրթվելու կամ բիզնեսով զբաղվելու իմ կարող բարեկամների առաջարկները։ Ես վերադարձա հայրենիք, որովհետև ուզում էի օգտակար լինել իմ երկրի կայացմանը, որովհետև երկիրը ամենևին բարվոք վիճակում չէր։
Վստահաբար քիչ բան չեմ արել, բայց նաև շատ բաներ չհասցրեցի. Օրինակ ձևավորել դատաիրավական անաչառ համակարգ, որը կծառայեր պետությանը, այլ ոչ թե օրվա իշխանությանը։
Ինձ ներկայացված մեղադրանքում ոչ միայն ճիշտ բառ չկա, այլև կան զավեշտի հասնող ձևակերպումներ։
Այո, ես ունեցել եմ բարեկամներ, ովքեր եղել են ոչ միայն խորհրդային Հայաստանի ամենաունևոր մարդկանցից մեկը, ում ավագ սերնդի մարդիկ շատ լավ հիշում են, ճանաչում, այլ անկախ Հայաստանի գործարար շերտի հիմնադիրներից։
Այո, ես ունեցել եմ բարեկամներ, ովքեր օտարերկրյա խոշորագույն կորպորացիաներում են աշխատել կամ հենց այդպիսիները հիմնադրել. Շեշտում եմ տասնամյակներ առաջ, երբ ես դպրոցական էի այդ մարդիկ եղել են կայացած ու ունևոր դեմքեր։ Հիմա այդ մարդկանց գույքը կամ ունեցվածքը վերագրել ինձ՝ նշանակում է ծաղրել իրավագիտությունը։
Հասկանում եք բոլոր մարդիկ, այդ թվում ունևոր կարող են ունենալ երեխա, թոռներ, որոնց կարող են գույք կտակել կամ նվիրել։ Հիմա կասկածի տակ դնել, թե ինչու է թոռը իր մահացած պապից գույք ժառանգել՝ աբսուրդի ժանրից է։
Օրենքի տեսակետից սա իրավական նիհիլիզմ է, բայց մարդկային տեսակետից ՀՔԾ-ի արածը դիակապտություն է, անհարգալից վերաբերմունք, ծաղրանք մահացած մարդկանց հանդեպ։
Ի դեպ, ՀՔԾ-ի « ֆինանսիստներին» ուզում եմ ասել, որ ձեր ուռճացրած թվերը կոչվում են ներդրում և նաև այդ մարդկանց ներդրումների շնորհիվ է, որ այսօր դուք նստած եք նոր,վերանոգորգված շենքում և ստանում եք հավելավճարներ։ Մի պահ մտածեք, թե ձեր այս քայլերից հետո քանի-քանի ներդրող է մտքափոխվելու Հայաստանում ներդրում անել։
Անհավանական զուգադիպությամբ ՀՔԾ-ն ինձ մեղադրանք է առաջադրում հենց այն օրը, երբ երկրի գործող վարչապետը պատրաստվում է ստորագրել անկախ Հայաստանի ամենաաղետալի փաստաթղթերից մեկը։
Երբ ողջ հայությունը ստորացված դիտում է հայ զինվորականների նվաստացման կադրերը, իրավապահ համակարգը ոչ թե այդ ազգային խայտառակության պատասխանատուների հանդեպ է գործ հարուցում, այլ՝ իմ։
Բայց ուզում եմ ասել. Սա իմ երկիրն է, սա իմ երեխաների երկիրն է, սա իմ նման մտածող հարյուր հազարավոր մարդկանց երկիրն է, և մենք անելու ենք ամեն ինչ ազգային արժանապատվության վերականգնման և երկրի զարգացման համար։ Ու դուք ամաչելու եք։
Ես այլևս չեմ խոսելու այս քրեական գործից։ Բայց իմ իրավունքները և բարի համբավը պաշտպանելու եմ բոլոր ատյաններում, այդ թվում ՄԻԵԴ-ում։ Ու նաև անելու եմ ամեն ինչ՝ օր առաջ երկրում նոր, էֆեկտիվ իշխանություն ձևավորելու համար, որպեսզի դուրս գանք ազգային ստորացման այս էջից»։
Հարակից հրապարակումներ`
- Խոսքն այնպիսի գույքերի և նյութական միջոցների մասին է, որոնք առկա են եղել նույնիսկ մինչև Արմեն Գևորգյանի ծնվելը. Պաշտպան
- Հավանաբար որոշել են ինչ- որ խափանման միջոց ընտրեն՝ խաթարելու իմ գործունեությունը որպես «Հայաստան» դաշինքի շտաբի պետ. Արմեն Գևորգյան
- ՀՔԾ-ն՝ Արմեն Գևորգյանին մեղադրանքառաջադրելու մասին
- Նիկոլ Փաշինյան և պետական շահերն անհամատեղելի հասկացողություններ են. Արմեն Գևորգյան
- «Հայաստան» դաշինքի շտաբի պետ նշանակվելուց անմիջապես հետո հերթական կեղծ մեղադրանքով ՀՔԾ է կանչվել Արմեն Գևորգյանը․Այլընտրանքային նախագծեր խումբ
- Արմեն Գևորգյան. Պետության համար այս վճռորոշ փուլում մի կողմ քաշվելը՝ համարում եմ դասալքություն
- «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբը կղեկավարի Արմեն Գևորգյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան