Կողմե՞րը. այս հակամարտությունում կա միայն մի կողմ, որն արհամարհում է հումանիտար իրավունքը և դա Ադրբեջանն է.ԵԽ-պատգամավոր
«Պատերազմը զզվելի է ու անարդար։ Հազարավոր զինվորներ են սպանվել, քաղաքացիներ տեղահանվել։ Սա է գինը, ինչը նախագահ Ալիևն անվանում է աննախադեպ հաղթանակ։ Նախագահ Ալիև, իրական հաղթողին ոչինչ առավել չի սազում, քան իր պարտվող թշնամուն օգնության ձեռք մեկնելը։ Ոչ միայն որ դա բարոյապես ճիշտ է, այլ նաև, որ այն ստատեգիական առումով խոհեմ է։ Իրական հաղթողները գիտեն, որ ամեն կյանք կարևոր է՝ անկախ էթնիկ պատկանելիությունից»,- այս մասին այսօր Եվրոպական խորհրդարանում «Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին հակամարտության արդյունքում ռազմագերիների» վերաբերյալ բանաձևի նախագծի քննարկմանն ասաց պատգամավոր Վիոլա Վոն Կրամոն-Տոբադելը։
Պատգամավոր Պերնանդո Բարենա Արզան հայտարարեց, որ Ադրբեջանը շարունակում է 100-ից ավել գերիների, նրանց նկատմամբ դրսևորվում է վատ վերաբերմունք ու կան հաղորդումներ նրանց սպանությունների մասին, ինչը պատերազմական հանցագործություն է։
«Ժամանակն է, որ այս խորհրդարանը պահանջի Ադրբեջանից՝ անհապաղ ու առանց նախապայմանների ազատ արձակել բոլոր հայ գերիներին, կալանավորվածներին։ Իրականացնի հրադադարի համաձայնագիրն ու զերծ մնա Հայաստանի տարածք ռազմական ներխուժումից»,-ասաց պատգամավորը, հավելելով, որ հարցի լուծումը պետք է լինի Հիմնարար սկզբունքների հիման վրա, որը ներառում է նաև ինքնորոշման իրավունքն ու Արցախի կարգավիճակի հարցի որոշումը։
Պատգամավոր Չարլի Վեյմերսը վկայակոչեց ԵԱՀԿ նախագահող, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեին, որը կոչ էր արել կողմերին՝ անհապաղ ավարտել ձերբակալվածների փոխանակումը։
«Կողմե՞րը, քանի ադրբեջանցի գերի պետք է Հայաստանը դեռ վերադարձնի։ Նախարար Լինդե, այս հակամարտությունում կա միայն մի կողմ, որն ամբողջությամբ արհամարհում է միջազգային ու հումանիտար իրավունքը և դա Ադրբեջանն է»,-ասաց բանաձևի համահեղինակ պատգամավորը, կրկին դիմելով Անն Լինդեն՝ կոչ անել Ադրբեջանին անմիջապես ազատ արձակել բոլոր հայ գերիներին՝ ռամագերիներին ու քաղաքացիական անձանձ՝ ձերբակալված պատերազմի ժամանակ ու դրանից հետո։
«Դիվանագիտությունն արդարացում չէ ճշմարտությունը քողարկելու համար»,-ասաց պատգամավորը։
ԵԺԿ անունից հանդես եկավ Թոմ Վանդենկենդենլաերը, հայտարարելով, Եվրոպական խորհրդարանի համար մտահոգիչ է գերիների հայրենադարձման հարցը, նրանց ճակատագիրը։
«Եկեք հստակ լինենք, հայ ռազմագերիները չեն կարող պիտակավորվել որպես հանցագործներ։ Հայաստանն ու Ադրբեջանն Արևելյան գործընկերության անդամներ են ու արևելյան հարևանները չեն կարող պատերազմել միմյանց հետ։ Պետք է բավարար ճնշում գործադրել Ադրբեջանի վրա ու նրանք չեն կարող մնալ ամբողջությամբ անպատիժ։ Կարծում եմ, մաքսիմում հետաքննություն է անհրաժեշտ մարդու իրավունքների խախտումների համար»,-ասաց Թոմ Վանդենկենդենլաերը։
Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը հայտարարեց․ «Պատերազմը երբեք լավ լուծում չէ»։
«Այն կարող է բերել կարճաժամկետ հաղթանակ, բայց այն նաև բերում է մահ, տառապանք ու ժամանակ է պահանջում՝ վերքերի բուժման համար»,-ասաց Կալյուրանդը, ընդգծելով, որ անհրաժեշտ է անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին, կոչ արեց Ադրբեջանին՝ իրականացնել իր միջազգային պարտավորությունները՝ ներառյալ հրադադարի ռեժիմն ու ՄԻԵԴ միջանկյալ որոշումների կատարումը՝ ավելի քան 100 հայ անհատների մասով։ Կալյուրանդը նշեց, որ բորբոքող հռետորաբանությունը պետք է դադարեցվի։
Նախագծի քվեարկությունը տեղի կունենա երեկոյան։
Հարակից հրապարակումներ`
- Անկախ Ադրբեջանն ինչ անուն կտա հայ գերիներին՝ նրանք պաշտպանված են Ժնևի կոնվենցիայով․ Անդրեյ Կովաչև
- Եվրոպական խորհրդարանում հայ գերիների հարցի քննարկմանն դեմ Ադրբեջանը լոբբիստական գործունեություն է ծավալում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան