«Ժառանգություն» . Գործադրել բոլոր ջանքերը նշանակված ընտրությունները հետաձգելու համար
«Ժառանգություն» կուսակցությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը խոցված է, պետական սահմանները վտանգի տակ են: Թշնամին մտել է մեր տուն, տեղավորվել:
2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանը, Արցախը ամեն օր բախվում են նորանոր լրջագույն խնդիրների, որոնք ոչ միայն չեն լուծվում, այլև օրեցօր էլ ավելի են խորանում ու խճճվում:
«Ժառանգություն» կուսակցությունն արձանագրում է՝ պատերազմի 44 օրերի, հետպատերազմական ժամանակահատվածի բոլոր մարտահրավերներն ունեն համակարգային բնույթ, որի հիմնական աղբյուրը Նիկոլ Փաշինյանի, հայրենի իշխանությունների կատարյալ անգործությունն է: Առկա ծանր վիճակն ուղղակի հետևանք է այն իրողության, որ պատերազմում պարտված ղեկավարը նոյեմբերի 9-ին հայրենազրկման փաստաթուղթը ստորագրելուց հետո չունեցավ հրաժարական տալու արժանապատվություն: Հայրենիքն այս կորստաբեր տեղապտույտից այդպես էլ չի կարողանալու դուրս գալ, քանի դեռ վարչապետի պաշտոնակատարի համար սեփական իշխանության պահպանումն ու վերարտադրումը շատ ավելի կարևոր են, քան՝ Հայրենիքը:
«Ժառանգություն» կուսակցությունն արդեն վաղօրոք հայտարարել էր, որ առանց սույն անձնավորության հրաժարականի, նախատեսված ընտրությունները ոչ միայն չեն լուծելու երկրի առջև ծառացած խնդիրները, այլև էլ ավելի են խորացնելու համապետական աննախադեպ ճգնաժամը: Մենք չենք մասնակցելու պետականակործանության այս արարին ու չենք նպաստելու այս անձի իշխանության վերարտադրությանը:
Կոչ ենք անում Հանրապետության նախագահին, քաղաքական ուժերին և մյուս միավորներին, իրավապահ մարմիններին՝ գործադրել բոլոր ջանքերը նշանակված ընտրությունները հետաձգելու, ազգը կործանման տանող ներկա վարչախմբին հեռացնելու համար՝ հնարավորություն ընձեռելով առողջ և հայրենիքի ճակատագրի հանդեպ պատասխանատու ուժերին՝ ձևավորելու ազգային համաձայնության կառավարություն:
Ուստի հաշվի առնելով վերոգրյալ վտանգները, հայտարարում ենք՝ «Ժառանգություն» կուսակցությունը չի մասնակցելու 2021թ. հունիսի 20-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
Պետություն ենք կորցնում: Մեր հինգ հազար շիրիմները վկա՝ առանց որևէ մեկի ապաշխարանքի, զույգ զավթված այս իրավիճակում մեզ սպասվող «ընտրահանդեսը» կդառնա թե´ անիրավ, թե´ անբարո:
Աստված մեզ պահապան»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան