Լավրովը Բլինքենի հետ առաջին հանդիպումը կառուցողական է անվանել
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ նախօրեի բանակցությունները Ռեյկյավիկում որակել է կառուցողական: Այս մասին գրում է Tass-ը։
«Զրույցն ինձ կառուցողական թվաց: Կա ըմբռնում, որ անհրաժեշտ է հաղթահարել անառողջ իրավիճակը, որը նախորդ տարիներին ստեղծվել է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև», - ասել է Լավրովը՝ իր ամերիկացի գործընկերոջ հետ հանդիպումից հետո:
Լավրովն ասել է, որ ինքը տեսել է Էնթոնի Բլինքենի ու նրա թիմի մոտ պատրաստակամություն՝ մաքրելու ռուս-ամերիկյան հարաբերությունների «փլատակները»։
Հանդիպման արդյունքներով Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների համար կպատրաստվեն առաջարկություններ ռազմավարական կայունության հարցերի վերաբերյալ, ասել է Լավրովը: Նա նշել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հակադիվանագիտական միջոցներ է ձեռնարկել Ռուսաստանի Դաշնության դեմ:
«Այս շղթայական ռեակցիան ոչ ոքի չի բավարարում, և ես զգացի նույնը մեր ամերիկացի գործընկերների շրջանում: Մենք մեր նախագահների համար առաջարկներ կպատրաստենք և՛ այս, և՛ ռազմավարական կայունության վերաբերյալ մեր երկխոսության զարգացման վերաբերյալ», - ասել է Լավրովը։
«Այսօր մենք հաստատեցինք երկխոսություն սկսելու մեր առաջարկը՝ հաշվի առնելով բոլոր ասպեկտները, ռազմավարական կայունության վրա ազդող բոլոր գործոնները՝ միջուկային, ոչ միջուկային, հարձակողական, պաշտպանական: Ես այդպիսի հայեցակարգի մերժում չտեսա, բայց փորձագետները դեռ պետք է աշխատեն դրա վրա», - նշել է ԱԳՆ ղեկավարը:
ԱՄՆ-ի ու Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների առաջին դեմ-առ-դեմ շփումը տևել է 1 ժամ 40 րոպե:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա