Հենց այդ գաղտնի հավելվածում է թաքնված «շան գլուխը»․ Միհրան Հակոբյան
Կոչ եմ անում քաղաքացիներին հավաքվել փողոցում և խնդիրը լուծել այն ճանապարհով, որը հիմա հնարավոր է։ Այս մասին Կառավարության շենքի մոտ ընթացող «Պատիվ ունեմ» դաշինքի հանրահավաքի ընթացքում լրագրողներին ասաց ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը։
«Չսպասել ընտրությունների կամ այլ գործընթացների, որովհետև կապիտուլյանտը հիմա մետր-մետր հող է հանձնում։ Հատկապես կոչ եմ անում պետական համակարգում աշխատողներին՝ կլինեն ուժային, թե այլ, եթե հենց հիմա դուրս չեն գալիս պայքարելու, իրենք ոչ մի բանով չեն տարբերում կապիտուլյանտից։ Նույն պատասխանատվությունը կիսում են»,- ասաց նա և ավելացրեց․
«Իրենք իրենց կաբինետներում նստած «թուրքական բայրաքթարներ» են, քանի իրենց դիմումները չեն գրել ու շպրտել սրա վրա, ուրեմն աշխատում են ազգի ու պետության դեմ, մետր-մետր հող ծախողներ են»։
Քաղաքական գործչի դիտարկմամբ, որևէ երաշխիք չկա, որ մինչև ընտրություն այլ տարածքների հանձնում չի լինի։
«Մինչև ընտրությունները Տավուշի գյուղերից է զիջում, ընտրություններից 5 օր առաջ էլ ուրիշ բան կզիջի։ Ինչ որ մեկը երաշխիք ո՞ւնի, որ նախկին Նարիմանովի փողոցը, Սախարովի հրապարակը չի տալու Ալիևին»,- ասաց Հակոբյանը։
Նրա պնդմամբ՝ փաստաթուղթը, որը հրապարակեց Միքայել Մինասյանն, ունի գաղտնի հավելված, ինչի հրապարակման պահանջով էլ հավաքվել են Կառավարության շենքի մոտ։
«Հենց այդ գաղտնի հավելվածում է թաքնված «շան գլուխը»։ Բոլորս պետք է պահանջենք, որպեսզի հրապարակվի այն»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Գլխավոր դավաճանը թուրքերի ու ադրբեջանցիների հետ միասին նախաձեռնել է ազգադավ ծրագիր. Արծվիկ Մինասյան
- «Պատիվ ունեմ» դաշինք. Խստորեն դատապարտում ենք Արմեն Գևորգյանի դեմ սանձազերծված քրեական արշավանքը
- «Պատիվ ունեմ» դաշինք. Կոչ ենք անում քաղաքական, հասարակական դաշտի բոլոր ուժերին, մտահոգ քաղաքացիներին ժամը 19.00-ին հավաքվելու կառավարության շենքի դիմաց