Ինչո՞ւ են ԳՇ պետն ու Պաշտպանության նախարարը մինչև հիմա իրենց պաշտոններին. Սոֆյա Հովսեփյան
«Ինչպե՞ս եք ձեզ զգում երեկվա տեսանյութից հետո, որևէ կերպ ձեր արժանապատվությունը շարժվե՞ց, թասիբին կպա՞վ, թե՞՝ չէ»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում ասաց անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ դիմելով իշխանություններին։
Նա նշեց, որ իրեն հետաքրքրում է, թե իշխանությունները որևէ կերպ հասկացե՞լ են՝ ինչ է տեղի ունեցել, թե՞՝ չէ։
«Ես գիտեմ, որ շատերիդ համար դա ոչ մի բան էր, ոչ մի բան։ Ու ես վստահ եմ, որ ձեր համար ոչ մի արժեք չունի, որ ձեր զինվորին ստորացրել են։ Եվ զինվորը հայ մարդու հավաքական կերպարն է, դա ողջ ազգի նկատմամբ ձեր վերաբերմունքն է»,- նշեց նա։
Պատգամավորը հիշեցրեց՝ ԱԽ քարտուղարն ասել է, թե չեն հասցրել սահմանը կահավորել, ապա հարց հնչեցրեց՝ 7 ամիսը քի՞չ էր։
«Իսկ ինչո՞ւ չէիք հասցրել նվազագույն չափով կահավորել առաջնագիծը։ ԳՇ-ն ու ՊՆ-ն էլ տեղյակ չէին այդ միջադեպից։ Ի դեպ, հաստատեմ, այո՛, տեղյակ չէին, քաղաքացիներից են իմացել, որ իրենց զինվորներին ստորացրել են։ Լավ, թասիբ չկա՞. ինչո՞ւ են ԳՇ պետն ու Պաշտպանության նախարարը մինչև հիմա իրենց պաշտոններին։ 44 օր կռիվ անցած 18-20 տարեկան երեխեքի մասին է խոսքը»,- նկատեց պատգամավորը։
Սոֆյա Հովսեփյանի դիտարկմամբ, երեկ տարածված փաստաթուղթը լավագույն մանիպուլյացիաներից էր։ Նա նշեց, որ սպասում էր նման հայտարարությունների, որ այդ փաստաթուղթը իբր ինչ-որ այլ տեղերից է ստացվել։
«Չէ, հենց ներսից է հայտնվել, հենց ներսից տրվել է, որ աղմուկ բարձրացվի, թե տեսեք՝ ինչ փաստաթուղթ է, որ հետո էլ մեկ ուրիշը ներկայացնի, որ ասեն, թե տեսեք, ձեզ խաբում էին։ Ես սպասում էի, որ այս խաղը պիտի խաղաք։ Փաշինյանի այսօրվա ելույթը հստակ ցույց տվեց այն հետագա քայլերը, որ պետք է լինեն. դեմարկացիայի հետևանքով սահմանային այն գյուղերը, որոնք ասվեց, թե խորհրդային Ադրբեջանի գյուղեր են, տրվելու են։ Ընդունեք գոնե սեփական մեղքը»,- խորհուրդ տվեց պատգամավորը։
Դիմելով ԱԽ քարտուղարին՝ Սոֆյա Հովսեփյանն ասաց. «Մի հատ Սև լճի հատված չեք կարողացել կահավորել, ի՞նչ երազանք ես պիտի ունենամ Արծվաշենի մասին։ Շատ կուզեի անկեղծ երազել մեր պապական հողերի մասին։ Չեմ կարող, բայց, քանի դեռ մեր զինվորի արժանապատվությունը ոտնահարվում է, քանի դեռ մեր պատգամավորները տեղում նստած ժպտում կամ ձայներ են հանում, քանի դեռ վարչապետը գալիս ու ամեն մեկի վրա է խնդիչը գցում»։
Հարակից հրապարակումներ`
- Չի՛ կարելի, երկիր ենք կորցնում, մի հատ խելքներդ գլուխներդ հավաքեք. Գորգիսյանը՝ իշխանություններին
- 500 հոգով հատում են մեր երկրի սուվերեն տարածքը, որ մեզ համար 100%-ով շահեկան փաստաթո՞ւղթ ստորագրեն. Զոհրաբյան
- Արդյոք հնարավոր չէր մինչև նոր իշխանության ձևավորումը չբանակցել և չստորագրել որևէ փաստաթուղթ. Մարուքյան
- Նիկոլ Փաշինյանը չի կարող իր ստորագրությամբ ուժի մեջ դնել փաստաթուղթ, որը վերաբերում է սահմանազատմանը. Մարուքյան
- Մարուքյանը՝ Փաշինյանին. Չստել, ժողովրդի մեջքի հետևում վիճահարույց փաստաթղթերի տակ չստորագրել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան