«Հրապարակ». Իշխանությունների սրտի օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը Մեղրիում նոր տերմինալի աշխատանքներ է սկսել
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի ընտանիքին պատկանող «Ագարակ տերմինալը» դեռ փակ է։ Դիմել են վարչական դատարան, ենթադրվում էր, որ հայցի ապահովման միջոց կկիրառվի, ու տերմինալը կաշխատի՝ մինչև դատարանի վերջնական վճիռը, բայց ապարդյուն։ «Անհասկանալի մեկնաբանությամբ չեն կատարում հայցի ապահովման միջոցը»,- ասաց Զաքարյանը. «Գիտեք, երբ որ փողոցից բերում, գնդապետի կոչում են տալիս, այդպես էլ պետք է լինի։ Թունավոր ծառը չի կարող ուտելու բերք տա»։
Հիշեցնենք, որ տերմինալում ՊԵԿ ստուգումները սկսվել էին ապրիլի 21-ին՝ Փաշինյանի՝ Սյունիք այցից հետո։
Իրավաբանները վստահեցրել են, թե հայտնաբերված խախտումները կասեցման հիմք չէին կարող դառնալ. «Հիմնավորում են, թե ԵԱՏՄ ռեեստրից է հանված, նոր ընթացակարգով պետք է դիմել՝ լիցենզիա ստանալու համար։ Սրանով հարվածում են տեղական տնտեսվարողներին, այդ լոգիստիկ աշխատանքները հիմա տեղափոխվել են իրանական կողմ, որտեղ 3 տերմինալ է գործում։ Իսկ մեր տերմինալից 200 մետր հեռավորության վրա իրենց սրտի օլիգարխը նոր տերմինալի աշխատանքներ է սկսել՝ թափով աշխատում են, հավանաբար, դրա համար էլ այսպես արեցին»։ Խոսքը Խաչատուր Սուքիասյանի մասին է՝ նա Մեղրիում տերմինալ է կառուցում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: