Բլինքենն ու Լավրովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությանը երկարաժամկետ լուծում գտնելու հարցը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նախօրեին առաջին անգամ հանդիպել են Ռեյկյավիկում։ Պետքարտուղարը նշել է, որ ԱՄՆ-ը ձգտում է ավելի կայուն ու կանխատեսելի հարաբերություններ ունենալ Մոսկվայի հետ: Այդ նպատակով Բլինքենն ու Լավրովը քննարկել են Ռուսաստանի Արկտիկական խորհրդի նախագահության և համագործակցության կարևորության շուրջ հարցեր՝ հաշվի առնելով տարածաշրջանում ԱՄՆ ընդհանուր շահը: Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի հայտարարության մեջ։
«Պետքարտուղարը նաև վերահաստատեց նախագահ Բայդենի վճռականությունը՝ պաշտպանել ԱՄՆ քաղաքացիներին և գործել ի պաշտպանություն ԱՄՆ շահերի՝ ի պատասխան Ռուսաստանի գործողությունների, որոնք վնասում են մեզ կամ մեր դաշնակիցներին:
Պետքարտուղարը պարզաբանեց, որ Ռուսաստանը պետք է ազատ արձակի ամերիկացի քաղաքացիներ Փոլ Ուիլանին և Թրևոր Ռիդին»,-ասում է Փրայսը։
Ի թիվս այլ հարցերի՝ Բլինքենը խորը մտահոգություններ է հայտնել Ուկրաինայի տարածքում և նրա մերձակայքում Ռուսաստանի շարունակական ռազմական տեղակայման, ինչպես նաև «Ամերիկայի Ձայնի» և «Ազատ Եվրոպա / «Ազատություն» ռադիոկայանի դեմ նրա գործողությունների, Ալեքսեյ Նավալնիի առողջության և ընդդիմադիր կազմակերպությունների բռնաճնշումների վերաբերյալ:
«Պետքարտուղարը ընդգծել է Սիրիայի բնակչության համար մարդասիրական աջակցության ապահովման հրամայականը։ Միաժամանակ, քննարկվել են տարածաշրջանային խնդիրները, այդ թվում` Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության երկարաժամկետ լուծում գտնելը:
Նրանք նաև քննարկել են այն ոլորտները, որոնցում ԱՄՆ և ՌԴ ժողովուրդները կարող են օգտվել կայուն և ուժեղացված համագործակցությունից։ Երկու պաշտոնյաները անդրադարձել են Աֆղանստանի և Իրանի վերաբերյալ հարցերին։ Քարտուղարը և Արտաքին գործերի նախարարը պարտավորվել են շարունակել քննարկումներն առաջիկայում»,-ասվում է Նեդ Փրայսի հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան