Կառավարության պաշտոնակատար անդամները մի քանի փորձ արեցին Ջանջուղազյանի զեկույցն հասկանալի ձևով մատուցելու համար
«Նախագծով առաջարկվում է լուծել այն խնդիրները, որոնք ծագել են կառուցապատող տնտեսվարողների շրջանում՝ կապված անշարժ գույքի հարկման համակարգը կադաստրային շուկայականին մոտարկված արժեքների կիրառման հետ»,- գործադիրի նիստում հայտնեց Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը՝ զեկուցելով Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին հավանություն տալու և այն անհետաձգելի համարելու մասին հարցը:
Փորձելով ավելի մատչելի ներկայացնել օրենսդրական կարգավորումը՝ Ջանջուղազյանը բացատրեց, որ այն վերաբերում է գործարքի գնի չափի որոշմանը և գործարքի պահի ճանաչմանը:
«Առաջին դեպքում, քանի որ կիրառվում է անշարժ գույքի հարկման նպատակով կադաստրային շուկայականին մոտարկված արժեքը՝ ըստ գնահատականի այն արդեն իսկ իր մեջ պարունակում է ավելացված արժեքի հարկեր: Ավելացված արժեքի հարկի և շահութահարկի բազայի ձևավորման տեսակետից կստացվի, որ երկու անգամ է հաշվարկվում այս մեծությունը»,-պարզաբանեց նախարարի պաշտոնակատարը:
Նրա խոսքով՝ հարկման բազայի հաշվարկման նպատակով առաջարկվում է կիրառել կադաստրային մոտարկված արժեքի 80 տոկոսը՝ հաշվի առնելով, որ հաճախ անշարժ գույքը օտարվում է ոչ թե պատրաստ լինելու ժամանակ, այլ գնման իրավունքի օտարմամբ է սկսվում գույքի օտարման գործընթացը՝ դեռ չկառուցված վիճակում:
Նրա խոսքով՝ նախագծով առաջարկվում է, որ գործարքի կատարման պահ ճանաչվի գնման իրավունքի գրանցման օրը, և դրանով պայմանավորված՝ նաև այդ ժամանակ գնահատվի կադաստրային մոտարկված արժեքը, որը հետագայում ՊԵԿ-ին հնարավորություն կտա ներկայացված հաշվետվությունները համադրել տվյալների այն բազայի հետ, որը կադաստրում առկա կլինի, և դրանով պայմանավորված՝ նաև որոշել, թե որքանով է հաշվետվությունը համապատասխանում սահմանված կարգավորումներին:
Դժվարությամբ ընկալելով Ատոմ Ջանջուղազյանի խոսքերը՝ Նիկոլ Փաշինյանը, Մհեր Գրիգորյանը, ՊԵԿ և Կադաստրի կոմիտեների նախագահները մի քանի անգամ փորձեցին ավելի հասկանալի ձևով ներկայացնել նախագիծը:
Փաշինյանը Վահան Քերոբյանին նույնպես առաջարկեց բացատրել նախագիծը, ինչից վերջինս հրաժարվեց:
Արդյունքում՝ նախագիծն ընդունվեց և ճանաչվեց անհետաձգելի:
Հարակից հրապարակումներ`
- Հարկատուն այսուհետ երկու դիմումի փոխարեն մեկով կարող է հետ ստանալ գերավճարները
- 500-600 ադրբեջանցի զինվոր է գտնվում է Հայաստանում
- Կառավարությունն այսօր հավանություն կտա համացանցում կեղծ լուր տարածելու համար 2-4 տարվա ազատազրկում նախատեսող օրինագծին