Գլխավոր դավաճանը թուրքերի ու ադրբեջանցիների հետ միասին նախաձեռնել է ազգադավ ծրագիր. Արծվիկ Մինասյան
Այս գլխավոր դավաճանը թուրքերի ու ադրբեջանցիների հետ միասին նախաձեռնել է ազգադավ մի ծրագիր՝ փորձելով ստանալ նրանց օժանդակությունը արտահերթ ընտրություններում։ Այս մասին Կառավարության շենքի դիմաց ընթացող բողոքի ակցիայի ընթացքում լրագրողներին ասաց ՀՅԴ գործիչ Արծվիկ Մինասյանը։
«Սրա կողմից որպես իրավազորություն չունեցող անձ, ցանկացած ստորագրում ի սկզբանե առ ոչինչ է։ Սրա մասին պետք է իմանա նաև միջազգային հանրությունը։ Այն երկրները, որոնք համարվում են ՀՀ դաշնակից կամ բարեկամ, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրները»,- ասաց Մինասյանը։
Նրա խոսքով ՝ համաձայն միջազգային իրավունքի բոլոր սկզբունքների՝ ցանկացած համաձայնություն, որը կատարվում է ուժի կամ դրա սպառնալիքի կիրառման ազդեցությամբ, ի սկզբանե առ ոչինչ է։
Մինասյանը նաև ուղերձ ուներ՝ Ադրբեջանի իրավունքները մեր երկրում իրականացնող անձանց։
«Որևէ համաձայնություն այս պայամաններում, այդ թվում՝ ադրբեջանական զինուժի նման սանձարձակ պահվածքի, ադրբեջանական զինուժի լկտի մոտեցման պայմաններում առ ոչինչ է։ Չի կարող որևէ համաձայնություն միջազգային ասպարեզում համարվի օրինական»,- ասաց նա։