Նիկոլ Փաշինյանը չի կարող իր ստորագրությամբ ուժի մեջ դնել փաստաթուղթ, որը վերաբերում է սահմանազատմանը. Մարուքյան
Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը, որի ընթացքում քննարկվելու է «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «ԱԺ հայտարարության» նախագիծը։
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով, նախագիծը վերաբերում է Հ Նիկոլ Փաշինյանի՝ Կառավարության այսօվա նիստում արած հայտարարությանը, թե կա փաստաթուղթ, որը պատրաստվում է ստորագրել ինքը՝ Ադրբեջանի և Ռուսաստանի հետ համատեղ։
«Ելնելով ՀՀ-ում առկա լարված իրադրությունից, որը ծագել է 2021 թվականի մայիսի 12-ից, երբ Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչները ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքի կոպիտ խախտմամբ մուտք են գործել ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի տարածքներ։ Նրանք մինչ այժմ գտնվում են ՀՀ նշված տարածքներում։
Տեղեկանալով վերոնշյալ տարածքներում ընդհարումների մասին, ինչի հետևանքներն անկանխատեսելի են ու կարող են անդառնալի լինել բոլոր կողմերի համար, լսելով՝ ՀՀ կառավարության 2021 թ. մայիսի 20-ի նիստում վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանի ելույթն առ այն, որ նա պատրաստվում է ստորագրել միջպետական փաստաթուղթ, որը վերաբերելու է ՀՀ-ի Ադրբեջանի միջև շփման գծի՝ որևէ ձևով կանոնակարգմանը՝ ՀՀ ԱԺ-ն հայտարարում է, որ նախքան ստորագրելը խորհրդարանը պետք է վավերացնի այդ փաստաթուղթը, ինչպես բոլոր մյուս միջազգային պայմանագրերի դեպքում, որոնք վերաբերում են մարդու հիմնարար իրավունքներին ու ազատություններին»,- ներկայացրեց ԼՀԿ ղեկավարը։
Ուստի, ըստ Էդմոն Մարուքյանի, Նիկոլ Փաշինյանը չի կարող իր ստորագրությամբ ուժի մեջ դնել մի փաստաթուղթ, որը կարող է ուժի մեջ մտնել բացառապես խորհրդարանի վավերացմամբ կամ՝ հանրաքվեի արդյունքում։
«Միաժամանակ, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման ցանկացած գործողություն ուղղակիորեն ներառում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու և հատկապես սահմանային բնակչության իրավունքների խնդիրները, որոնց հետ կապված ցանկացած միջազգային փաստաթուղթ ենթակա է վավերացման»,- ներկայացրեց Էդմոն Մարուքյանը։
Հարակից հրապարակումներ`
- «ՀՀ քաղաքացու թիկունքում հերթական փաստաթուղթն է ստորագրվելու». ԼՀԿ-ն առաջարկում է ԱԺ արտահերթ նիստ գումարել
- Մարուքյանը՝ Փաշինյանին. Չստել, ժողովրդի մեջքի հետևում վիճահարույց փաստաթղթերի տակ չստորագրել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին