Մենք պահանջում ենք փաստաթղթի ամբողջական՝ նաև գաղտնի մասի հրապարակում. Շարմազանով
«Չպետք է սպասել մինչև արտահերթ ընտրություններ, յուրաքանչյուր անցնող օրն աշխատում է Հայաստանի պետականության դեմ»,- այսօր Կառավարության դիմաց անցկացվող ակցիայի ընթացքում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով, նոյեմբերի 10-ից հետո յուրաքանչյուր ժամ աշխատել է Արցախի, Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ։ Եվ, ըստ նրա, հենց դա էր պատճառը, որ իրենք դեմ էին արտահերթ ընտրություններին։
«Ես վստահ եմ, որ եթե չլիներ Միքայել Մինասյանի հրապարակումը, այս կապիտուլյանտը ոչ մի բառ չէր ասի այդ փաստաթղթի մասին։ Սա խոսում է այն մասին, որ մենք պետք է արթնանանք ու թույլ չտանք գաղտնի, ստվերային բանակցություններ։ Մենք պահանջում ենք փաստաթղթի ամբողջական՝ նաև գաղտնի մասի հրապարակում։ Լուրեր կան, որ դեմարկացիա են ուզում անել ԽՄ քարտեզների հիման վրա, բայց ո՞ր քարտեզների»,- հարց հնչեցրեց նա։
Քաղաքական գործիչը նշեց, որ ԽՄ քարտեզներն իրավական որևէ ուժ չեն կարող ներկայացնել, քանի որ Ադրբեջանը խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը չէ, հետևաբար ԽՄ քարտեզները՝ Հայաստան-Ադրբեջան սահմանների դեմարկացիայի համար չեն կարող լինել իրավական հիմք։
«Եթե այդպես նայենք, ապա ԼՂԻՄ-ն էլ է եղել խորհրդային Ադրբեջանի մաս, և կարող են մի օր էլ այդ հարցը բարձրացնել։ Ես կոչ եմ անում՝ պետք է արթնանալ։
6 ամիս է ասում ենք՝ ժողովուրդ ջան, սա իշխանության, աթոռի պայքար չէ։ Այսօր մենք տեսանք, որ այդ կապիտուլյանտը, հակահայկական փաստաթուղթը փորձում է ներկայացնել իբրև թե մեր պետական շահից բխող։ Եթե սրանք կապիտուլյացիան արդարացնում են՝ ասելով, թե 25 հազար զինվորի կյանք են փրկել, վաղն էլ կասեն՝ ժողովուրդ ջան, դեմարկացիա որ չանեինք, թուրքը կարող էր մտնել Երևան։ Այս իշխանությունները Ադրբեջանի և Թուրքիայի շահերի սպասարկուներն են»,- նկատեց նա։
Էդուարդ Շարմազանովը հստակեցրեց իրենց պահանջը՝ դադարեցնել գաղտնի բանակցությունները և ամբողջությամբ հրապարակել ստորագրվելիք փաստաթուղթը։
Հարակից հրապարակումներ`
- Միքայել Մինասյան. Ստորագրվելիք փաստաթղթի՝ մամուլում հայտնված տարբերակը հին է
- Ամեն օրն էլ պետք է օգտագործել այս կառավարությանը նաև առանց ընտրությունների հեռացնելու համար. Գեղամ Մանուկյան