Իրանցի փորձագետ. Իրանը պետք է մասնակցի խաղաղապահ առաքելությանը և ՌԴ հետ միասին պաշտպանի Հայաստանի տարածքային ամբողջականությունը
Միջազգային հարաբերությունների հարցերով իրանցի փորձագետ Էհսան Մովահեդիանն անդրադարձել է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին՝ դրանք դիտարկելով Ադրբեջանի ծավալապաշտական և օկուպացիոն քաղաքականության տեսանկյունից: Այս մասին գրում է regionmonitor-ը։
Իրանական Irdiplomacy վերլուծական կայքում հրապարակված հոդվածում փորձագետն ընդգծել է, որ Բաքուն, օգտվելով այն իրավիճակից, որ ամբողջ աշխարհի ուշադրությունը սևեռված է Պաղեստինի և Իսրայելի վրա, փորձում է առաջ տանել Հայաստանի տարածքի նկատմամբ իր ծավալապաշտական նկրտումները: Հոդվածի հեղինակն իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերջին լարվածության ֆոնին ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի և Իսրայելի ամուր հարաբերությունների վրա՝ շեշտելով, որ դրանք այնքան խորն են, որ Բաքուն անգամ ձևականորեն չի փորձում դատապարտել Պաղեստինի նկատմամբ Իսրայելի գործողությունները: Այս համատեքստում, իրանցի փորձագետը հետևյալ դիտարկումն է արել.
«Այս հանգամանքը հատկապես պետք է զգոնություն հաղորդի այն մարդկանց, ովքեր կարծում էին, որ Ադրբեջանի կողմից Ղարաբաղի գրավումն ու Հայաստանի հետ Իրանի սահմանի կրճատումը չի հակասում Իրանի շահերին՝ միայն նրա համար որ, Ադրբեջանն իսլամական երկիր է համարվում»:
Մովահեդիանը շեշտել է, որ Իրանի և Ռուսաստանի լռության ու անգործության պարագայում Բաքուն կփորձի շարունակել Սյունիքի օկուպացիան: Հեղինակն ընդգծել է, որ Թուրքիայի ու Իսրայելի ազդեցության տակ գտնվող Ադրբեջանից կախվածություն չունենալու տեսանկյունից Իրանի համար հայ-իրանական սահմանի գոյությունը անհրաժեշտություն է: Հոդվածում շեշտվել է, որ եթե ՌԴ-ն ուժեղ ներկայություն չապահովի ՀՀ սահմաններին, դա անելու են Ադրբեջանը, Թուրքիան ու Իսրայելը:
Մովահեդիանը կարծիք է հայտնել, որ Իրանը ևս պետք է մասնակցի խաղաղապահ առաքելությանը, և ՌԴ հետ միասին պաշտպանի Հայաստանի տարածքային ամբողջականությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան