«ՀՀ քաղաքացու թիկունքում հերթական փաստաթուղթն է ստորագրվելու». ԼՀԿ-ն առաջարկում է ԱԺ արտահերթ նիստ գումարել
«Մենք մշակում ենք հայտարարության տեքստ, որ ԱԺ արտահերթ նիստ գումարենք։ Եվ այդ տեքստում նշվելու է, որ ցանկացած փաստաթուղթ ստորագրվելուց առաջ պետք է վավերացվի ԱԺ-ում»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթղթին։
Ըստ Էդմոն Մարուքյանի, ՀՀ քաղաքացու թիկունքում հերթական փաստաթուղթն է ստորագրվելու, որի բովանդակությունից տեղեկություն չունեն ո՛չ պատգամավորները, ո՛չ կառավարության անդամների մեծ մասը, ո՛չ էլ որևէ ընտրված այլ պաշտոնյա։
«Առանց ժողովրդի կամ ժողովրդի ներկայացուցիչների հետ քննարկումների հերթական պրոցեսն է ընթանում։ Եվ սրա հետ կապված այսօր ԱԺ արտահերթ նիստ ենք նախաձեռնում, քիչ առաջ խոսել եմ ԲՀԿ մեր գործընկեր Արման Աբովյանի հետ։ Կարծում եմ, որ այդ հայտարարությունը լինելու է հենց այն մասին, որ մեր սահմաններին վերաբերող որևէ փաստաթուղթ չի կարող առանց ԱԺ-ի կողմից վավերացման ստորագրվել»,- նշեց նա։
Պատգամավորի խոսքով, ինքը սպասում էր, որ այսօր Նիկոլ Փաշինյանը մանրամասն կներկայացնի, թե ինչ փաստաթղթի մասին է խոսքը, «բայց նա խուսափեց, չպատասխանեց՝ ասելով, որ այդ փաստաթուղթը 100 տոկոսով բխում է ՀՀ շահերից»։
Մարուքյանի դիտարկմամբ, այդ փաստաթուղթը պետք է մանրամասն ներկայացվի, որ պարզ դառնա՝ արդյո՞ք այն համապատասխանում է ՀՀ շահերին։
«Բայց քանի որ մենք չունենք օբյեկտիվ տեղեկատվություն առ այն, թե ինչ է այդ փաստաթուղթը, ինչի մասին է այն, չենք կարող ասել՝ բխո՞ւմ է դա ՀՀ շահերից, թե՞՝ ոչ»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան