«Լապշինն ընդդեմ Ադրբեջանի» գործով ՄԻԵԴ-ը հաստատեց Բաքվի բանտում Լապշինի դեմ սպանության փորձի կատարումն ու դաժան խոշտանգումները
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է «Լապշինն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճիռը, որում ՄԻԵԴ-ը միաձայն որոշել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտումներ՝ (կյանքի իրավունք. արդյունավետ քննություն կատարելու պարտավորություն)։
ՄԻԵԴ-ը հաստատել է, որ առկա բժշկական և այլ ապացույցները պարզ ցույց են տալիս, որ դիմումատուի կյանքը լուրջ և անմիջական վտանգի տակ է եղել, նրա վիճակը մի քանի օր մնացել էր կրիտիկական և պահանջվել է անընդհատ բժշկական բուժում, ներառյալ վերակենդանացման բաժանմունքում:
ՄԻԵԴ-ը որոշել է, որ Ադրբեջանը պետք է Լապշինին վճարի 30 հազար եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում։
Լապշինն արձագանքել է ՄԻԵԴ որոշմանն ու գրել․ «Հաղթանակ։ ՄԻԵԴ-ը Ադրբեջանի օշխանություններին մեղավոր ճանաչեց Բաքվի բանտում իմ դեմ սպանության փորձ կատարելու և դաժան խոշտանգումներ կիրառելու մեջ: Ադրբեջանին պարտավորեցրել է վճարել ինձ 30 000 եվրո փոխհատուցում», - գրել է Լապշինն ու շնորհակալություն հայտնել իր փաստաբաններ Աննա Մարալյանին ու Կարինա Մոսկալենկոյին։
Հիշեցնենք, որ ռուս-հրեա ծագմամբ ճանապարհորդ, բլոգեր լեքսանդր Լապշինի նկատմամբ Ադրբեջանը գործ էր հարուցել Լեռնային Ղարաբաղ այցելելու համար։ Համաշխարհային մամուլը սկսել է լայնորեն լուսաբանել նրա գործունեությունը, երբ 2017 թվականին հունվարին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում Ադրբեջանի իշխանությունների խնդրանքով ձերբակալվում և արտահանձնվում է Ադրբեջանին։ 2017 թվականի հուլիսի 20-ին Լապշինն Ադրբեջանում դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման։ Միջազգային ճնշումներից հետո 2017 թվականի սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է հրամանագիր Ալեքսանդր Լապշինին համաներում շնորհելու մասին։ Լապշինը մոր՝ Բելա Լապշինայի հետ Բաքու-Թել Ավիվ չվերթով մեկնել է Իսրայել։
ՄԻԵԴ ներկայացրած հայտում Լապշինը պնդում էր, որ բանտում իր նկատմամբսպանության փորձ էր կատարվել, իսկ Ադրբեջանի իշխանությունները տեղի ունեցածն անվանում էր ինքնասպանության փորձ։ Դիմումատուն բողոքում էր նաև Ադրբեջանում բանտ տեղափոխվելիս և իր բանտարկության ընթացքում վատ վերաբերմունքից և նվաստացումներից։
Այս օրերին Լապշինը կրկին Հայաստանում է։