500 հոգով հատում են մեր երկրի սուվերեն տարածքը, որ մեզ համար 100%-ով շահեկան փաստաթո՞ւղթ ստորագրեն. Զոհրաբյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօրվա արտահերթ նիստում, դիմելով նիստը նախաձեռնող Էմդոն Մարուքյանին, հարց հնչեցրեց, թե ինչու չեն ներկայացել Կառավարության անդամները։
«Այսօր ՀՀ ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը հայտարարեց, որ մեր երկրի արտաքին գերատեսչությունն ընդհանրապես տեղյակ չէ այս գործընթացներից, չգիտի, թե ինչ փաստաթղթի մասին է խոսքը, ինչ է ստորագրվելու։ Նույնատիպ հայտարարություն արեց Հանրապետության նախագահը, որ ինքը ընդհանրապես տեղյակ չէ որևէ հնարավոր ստորագրվելիք փաստաթղթի մասին։ Ըստ Ձեզ, վարչապետի պաշտոնակատարն ո՞ւմ հետ պետք է քննարկեր այս փաստաթուղթը։ Ի վերջո, այս ինչ՞ ինստիտուտ է՝ միանձնյա որոշումներ կայացնելու, ապա այդ որոշումները ժողովրդի անունից լեգիտիմացնելու։ Ժողովուրդը որտե՞ղ է լիազորել ստորագրել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կամ այս սպասվելիք փաստաթուղթը»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը։
Պատասխանելով՝ Էդմոն Մարուքյանն ասաց՝ Նիկոլ Փաշինյանն առավոտյան ասել է, որ ԱԳ նախարարը նիստին ներկա չէ, քանի որ զբաղված է այս բանակցություններով, և եթե ԱԳ փոխնախարարն ասում է, թե տեղեկություն չունի այդ փաստաթղթից, ապա պետք է նախ կառավարության ներսում հասկանան՝ ինչ է կատարվում։
«Իսկ այն, որ իրազեկված չենք ո՛չ մենք, ո՛չ նախագահի ինստիտուտը, ո՛չ էլ ԱԳՆ-ն, այն իրավիճակի շարունակությունն է, որ ժողովրդին խոսք է տրվել, թե իր թիկունքում գաղտնի որևէ բանակցություն չի լինի, բայց լինում է։ Հիմա հենց այդ խոստումն ենք մենք քննարկում»,- նշեց նա։
Ըստ Էդմոն Մարուքյանի, լավ օրից չէ, որ իրենք նման կասկածներ ունեն, թե ժողովրդից թաքուն փաստաթուղթ կստորագրվի, քանի որ կա նոյեմբերի 9-ի փորձը։
«Ես հույս ունեմ, որ Կառավարության անդամները կներկայանան այսօրվա նիստին, սպասում ենք, որ ԱԺ ղեկավարությունը քայլեր ձեռնարկի, որպեսզի կառավարության ներկայացուցիչները գան»,- ասաց նա։
Արձագանքելով՝ Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ իմքայլականների հայտարարություններին, թե փաստաթղթի ստորագրումից հետո պարզ կդառնա, թե ինչ լավ քայլ է արվում։
«Ո՞նց եք պատկերացնում։ 500 հոգով հատում են մեր երկրի սուվերեն տարածքը, ծեծում են մեր զինվորներին, նվաստացնում են, հովիվների վրա էլ զենք են պահում, որ Հայաստանի համար 100 տոկոս շահեկան փաստաթո՞ւղթ ստորագրվի»,- հարցրեց նա։
Էդմոն Մարուքյանն էլ պատասխանեց, որ այժմ իրենք ուզում են հասկանալ, թե ինչ է կատարվում, ինչ է բանակցվել և ինչ են պատրաստվում ստորագրել։
Հարակից հրապարակումներ`
- Արդյոք հնարավոր չէր մինչև նոր իշխանության ձևավորումը չբանակցել և չստորագրել որևէ փաստաթուղթ. Մարուքյան
- Նիկոլ Փաշինյանը չի կարող իր ստորագրությամբ ուժի մեջ դնել փաստաթուղթ, որը վերաբերում է սահմանազատմանը. Մարուքյան