Այսինքն՝ մենք ուզում ենք Ադրբեջանի տարածքով անցնենք, Ադրբեջանը մեր տարածքով չանցնի՞. Փաշինյան
«Ասում են՝ ժողովրդի թիկունքում ի՞նչ փաստաթուղթ եք ուզում ստորագրել: Դա նույն է, որ ասեք՝ ժողովրդի թիկունքում ՌԴ նախագահի հետ ի՞նչ հեռախոսազրույց եք ունենում: Հունվարի 11-ին Մոսկվայում եռակողմ հայտարարություն է ընդունվել և հրապարակվել, բա ինչի՞ չեն ծագել այդ նույն հարցերը: Կամ նոյեմբերի 9-ի հայտարարության մասին ընդդիմությունն ասում է՝ հակապետական է, պետք է վավերացվեր ԱԺ-ում, բայց մենք որ լինենք իշխանություն, չենք չեղարկելու դա»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, բանակցությունների ընթացքում Ադրբեջանի կողմից ձևակերպվող թեզեր կան, որ ինքը նախ մեր ընդդիմության ներկայացուցիչներից է լսում:
«Արցախյան առաջին պատերազմից հետո Խորհրդային Հայաստանի ավելի քան 70 քառակուսի կլիոմետր գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո: Այսօր սահմանամերձ գյուղեր ունենք, որ 30 տարի չունեն վարելահող, որովհետև իրենց հողերը օկուպացված են: Այո՛, մենք էլ ունենք Սովետական Ադրբեջանին պատկանած տարածքներ, որոնք գտնվում են մեր ԶՈւ հսկողության ներքո:
Ավելին ասեմ, դեռևս 1990-ականներից կան Ադրբեջանի մարտական դիրքեր, որոնք գտնվում են Սովետական Հայաստանի տարածքում: Մենք հիմա պետք է խոսենք, հասկանանք, թե ինչ ենք անում:
Կան ամենատարբեր տարբերակներ: Օրինակ՝ եղած վիճակը արձանագրում ենք որպես պետական սահման: Երբ խոսում են անկլավների մասին, ինչի՞ չենք հիշում, որ մենք ունենք Արծվաշենի հարց»,- հարց հնչեցրեց նա։
Նա անդրադարձավ նաև հարցին, թե արդյոք նոր ստորագրվելիք փաստաթղթով Արցախի հարցը ևս փակվում է։ Նիկոլ Փաշինյանի խոսքով, 1991 թվականի դեկտեմբերին, երբ Ալմա Աթայում ընդունվեց ԱՊՀ ստեղծման հռչակագիրը, դրանով կողմերը ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը: Եթե այս առումով խնդիր կա, այդ խնդիրը ստեղծվել է 1991-ին: Եթե այստեղ խնդիր կա, դա ստեղծվել է 2010-ին, երբ այս դահլիճում ընդունվել է վարչատարածքային բաժանման մասին օրենքը:
«Հարց է հնչում, թե չենք կարո՞ղ այս գործընթացն իրականացնել ընտրություններից հետո: Այսինքն՝ այս իշխանությունը պետք է ասի՝ Հայաստանում իշխանություն չկա, զորքերն եկել են, ոչինչ, թող մնան, մենք չենք զբաղվում այս հարցով, ընտրություններից հետո կլուծենք: Հետո քարոզարշավի ժամանակ մի տեղից էլ մտնեն: Հետո ստիպված լինենք ռազմական դրություն մտցնել»,- նշեց նա:
Անդրադառնալով սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներին՝ Փաշինյւանն ասաց.
«Սահմանի 60 տոկոսի վերաբերյալ արդեն ունենք համաձայնեցված դելիմիտացիա, մոտ 30 տոկոսի հետ կապված դեռ աշխատանքը շարունակվում է: Մենք պետք է լուծենք այդ հարցերը: Մեր մեծագույն խնդիրը մեր ժողովրդի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելն է, մենք պետք է գնանք այս ճանապարհով: Բայց իլյուզիաներ չունենանք, որովհետև դա միայն մեզնից չի կախված:
Սա նշանակում է, որ մենք պետք է գնանք երկխոսության, կոմունիկացիաների բացման: Այսինքն՝ մենք ուզում ենք Ադրբեջանի տարածքով անցնենք, Ադրբեջանը մեր տարածքով չանցնի՞: Ո՞նց ենք սա պատկերացնում: Կարող են իրենք էլ չանցնեն, մենք էլ չանցնենք, բայց դա նշանակում է, որ մենք ուզում ենք մեր շրջափակման քաղաքականությունը շարունակել: Չի կարելի, պետք է գնալ լուծումների»։
Հարակից հրապարակումներ`
- Չկա և չի կարող լինել գաղտնի հավելված. Փաշինյան
- 500 հոգով հատում են մեր երկրի սուվերեն տարածքը, որ մեզ համար 100%-ով շահեկան փաստաթո՞ւղթ ստորագրեն. Զոհրաբյան
- Արդյոք հնարավոր չէր մինչև նոր իշխանության ձևավորումը չբանակցել և չստորագրել որևէ փաստաթուղթ. Մարուքյան