Ֆրանսիայի ԱԳ պետքարտուղար․ Ֆրանսիայի համերաշխությունը Հայաստանին միանշանակ է
Ֆրանսիայի Եվրոպայի և Արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Կլեման Բոնը երեկ Սենատում պատասխանել է Սենատի Արտաքին գործերի, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնի հարցին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերքերը դեռ բաց են, և Ադրբեջանն արդեն մեծացնում է Հայաստանի դեմ սադրանքները։ Այս մասին գրում է Nouvelles d'Arménie-ն։
«Վերջերս 350 ադրբեջանցի զինծառայողներ տեղակայվել են Սև լճի մերձակայքում: Եվս 20,000-ը գտնվում են սահմանից այն կողմ, 40 կիլոմետր հեռավորության վրա:
Ամեն ինչ պարզ է. Լեռնային Ղարաբաղի վրա հարձակումը Ադրբեջանի և Թուրքիայի կողմից առաջին քայլն էր։ Հանրապետության նախագահը կոչ է արել զորքերը դուրս բերել, բայց այս ոլորտում Արևմուտքը մարգինալացված է, և Ռուսաստանը հակամարտության մյուս խոշոր հաղթողն է:
Եկեք Հայաստանին հստակ ցույց տանք, որ Ֆրանսիան իր կողքին է:
Պատրաստվու՞մ եք դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, վերսկսել Մինսկի գործընթացը: Դուք խոսքից գործի անցնե՞լու եք: Խոսքը մեր արժեքները պաշտպանելու և Հայաստանի հետ մեր բարեկամության մասին է»,-ասել է Քրիստիան Կամբոնը։
Պետքարտուղար, եվրոպական հարցերի պատասխանատու Քլեման Բոնն ասել է, որ Ֆրանսիայի համերաշխությունը Հայաստանին անթերի և միանշանակ է:
«Վերջին ներխուժումը ցույց է տալիս, որ հակամարտության համապարփակ կարգավորումն անհրաժեշտություն է: Հրադադարը փխրուն է: Մենք աշխատում ենք Մինսկի խմբի շրջանակներում քաղաքական լուծման վրա, որի համանախագահն ենք»,-ասել է Բոնը։
Պետքարտուղարն ասել է, որ Ադրբեջանը պետք է լիցքաթափման ազդակներ տա․ բանտարկյալների ազատ արձակում, զորքերի դուրսբերում։
«Հանրապետության Նախագահը մայիսի 13-ին խոսել է Հայաստանի վարչապետի հետ, պարոն Լե Դրիանը (ԱԳ նախարար-խմբ․) քննարկումներ ունեցավ իր ադրբեջանցի և հայ գործընկերների և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:
Ապրիլի 24-ին Երևանում, պարոն Լըմուանի (Ֆրանսիայի ԱԳ պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուան-խմբ․), իմ և մի շարք սենատորների ներկայությունը` նվիրված Հայոց ցեղասպանության հիշատակմանը, ցույց տվեց մեր անսասան համերաշխությունը»,-ասել է պետքարտուղար Կլեման Բոնը։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայի կառավարության խոսնակը Փարիզում հայ ռազմագերիների ազատման պահանջով հավաքին խոսել է ՄԱԿ ԱԽ մասին
- Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ
- Մակրոն. Ֆրանսիան ցանկանում է ՄԱԿ-ի ԱԽ-ի միջոցով լուծում գտնել տարածաշրջանում առկա լարվածության իրավիճակին
- Մակրոնն ու Պուտինը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը