Ադրբեջանը շարունակում է իրագործել միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների խախտումներ. Արա Այվազյան
ՀՀ Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը ելույթ է ունեցել ԵԽ Նախարարների կոմիտեի 131-րդ նստաշրջանում։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, Այվազյանն իր ելույթում, մասնավորապես, ասել է․
«Պարոն Նախագահ, հարգելի նախարար Մաաս,
Գերմանիան Նախարարների կոմիտեի նախագահությունն իրականացրեց դժվարին ժամանակաշրջանում` հիմնականում պայմանավորված ձգձգվող և կաթվածահար անող համաճարակով: Ես միանում եմ նախորդ բանախոսներին՝ գնահատելով այս մարտահրավերներին դիմակայելու Ձեր երկրի ջանքերը:
Պարոն նախագահ,
Ողջունում ենք Գլխավոր քարտուղարի պատրաստած «Ռազմավարական շրջանակ» փաստաթուղթը, որն ամուր հիմք է կազմակերպության երկարաժամկետ տեսլականի և շարունակական բարեփոխումների համար: Գլխավոր քարտուղարին շնորհակալություն ենք հայտնում նաև տարեկան զեկույցի համար, որտեղ ճշգրիտ գնահատականներ են տրվում Եվրոպայում ժողովրդավարական անվտանգության իրավիճակին:
Պարոն Նախագահ, ընթացիկ տարին նշանակալի է Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 20-ամյակի հանգամանքով: Այդ տարիների ընթացքում Եվրոպայի խորհուրդը նպաստել է և շարունակում է նպաստել Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը: Մենք հաստատակամ կերպով հավատարիմ ենք Եվրոպայի խորհրդի գաղափարներին և արժեքներին։
Սակայն, մյուս կողմից, եվրոպական ժողովրդավարական անվտանգության առավել լայն համատեքստում մենք ականատեսն ենք այդ արժեքների անկման և բարոյական պարտության:
Անցյալ տարի Ադրբեջանն արյունալի պատերազմ սանձազերծեց Արցախի ժողովրդի դեմ: Պատերազմն ուղեկցվել է մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի զանգվածային խախտումներով: Այդ խախտումները պատշաճ կերպով փաստագրված են ո՛չ միայն հայկական, այլև՝ միջազգային աղբյուրներում, այնպիսի կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են՝ Amnesty International-ը, Human Rights Watch-ը և Freedom House-ը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միջանկյալ միջոցներ է կիրառել Ադրբեջանի նկատմամբ հարյուրավոր գերեվարված անձանց առնչությամբ, որոնց գերության փաստն այդ երկիրն ընդունել է` պահանջելով նրանց մասին տեղեկատվություն, ինչը, սակայն, չի ստացել: Դատարանն անգամ հրապարակային ծանուցմամբ Նախարարների կոմիտեին տեղեկացրել է, որ Ադրբեջանը չի համագործակցում: Իր խորը մտահոգությունն է հայտնել նաև ԵԽ Խորհրդարանական Վեհաժողովը՝ վերջին լիագումար նստաշրջանի ընթացքում:
Հրաժարվելով վերադարձնել դեռևս պատանդառության մեջ գտնվող ռազմագերիներին` Ադրբեջանը մինչ օրս շարունակում է իրագործել միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների խախտումներ:
Մենք կարևոր դեր ենք վերապահում Եվրոպայի խորհուրդին՝ Արցախում պատերազմի կործանարար հումանիտար հետևանքների հասցեագրման գործում, ներառյալ՝ տեղահանության, մշակութային և կրոնական կոթողների ավերման, հարյուրավոր ռազմագերիների ու խաղաղ բնակիչների շարունակվող պատանդառության հարցերում:
Կարծում ենք` Նախարարների կոմիտեն պետք է բազմապատկի իր ջանքերն այս ուղղությամբ, այդ թվում՝ իր լիակատար աջակցությունը ցուցաբերելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանին, ԵԽԽՎ-ին, Մարդու իրավունքների հանձնակատարին և այլ իրավասու մարմիններին: Մինչ այժմ Ադրբեջանի կողմից իր կանոնադրական և կոնվենցիոն պարտավորությունների բացահայտ խախտումներին Նախարարների կոմիտեի պատասխանը համարժեք չի եղել:
Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների զանգվածային և կոպիտ խախտումներին կոշտ պատասխանի բացակայությունն Ադրբեջանին խրախուսեց նույն քաղաքականությունը վարել Հայաստանի Հանրապետության նկատմամբ՝ փորձ կատարելով գրավել սահմանամերձ տարածքներ և տեղի բնակչությանը զրկել իր ապրուստի միջոցներից:
Պարոն նախագահ,
Եվրոպայի խորհուրդը հիմնվել է՝ իր անդամ պետությունների միջև ավելի մեծ միասնություն հաստատելու նպատակով: Այս առումով, Եվրոպայի խորհրդին հաջողվել է մեկ հարկի տակ համախմբել գրեթե ողջ Եվրոպան և մշակել տարբեր ոլորտներում անդամ պետությունների միջև համագործակցությունն ուղենշող իրավական չափանիշներ:
Այնուամենայնիվ, որոշ անդամ պետությունների միջև կա խորը անդունդ: Եվ քանի դեռ դաժան ոճրագործություններ իրագործողներին թույլատրվում է հավասար հիմքերով գտնվել նրանց հետ, ովքեր շարունակում են հավատալ ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեքներին, այդ անդունդը միմիայն խորանալու է: Եթե մենք նոր լիցք չհաղորդենք ողջ Եվրոպայում ժողովրդավարական անվտանգությունը երաշխավորելու մեր ջանքերին, Եվրոպայում ավելի մեծ միասնության մեր կարևորագույն նպատակը կմնա պատրանք, և հատկապես` նրանց համար, ովքեր ապրում են հակամարտությունների և առճակատումների գոտիներում»: