ԵԱՀԿ-ում ՀՀ դեսպանը Շվեդական նախագահությանը, անդամ երկրներին կոչ է արել համարժեք արձագանքել Ադրբեջանի սադրիչ գործողություններին
Մայիսի 20-ին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի օրակարգի «Ընթացիկ խնդիրներ» կետի ներքո Հայաստանի պատվիրակության նախաձեռնությամբ ներառվել է «Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի ներխուժման մասին» վերտառությամբ հարցը:
Ներկայացնելով Հայաստանի պետական սահմանի Սյունիքի և Գեղարքունիկի հատվածներում ստեղծված իրավիճակը՝ ԵԱՀԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը նշեց, որ Ադրբեջանի այս գործողությունները, հանդիսանալով միջազգային իրավունքի և ԵԱՀԿ սկզբունքների և հանձնառությունների կոպիտ խախտում, լուրջ սպառնալիք են տարածաշրջանի անվտանգության և կայունության համար:
Դեսպան Պապիկյանը նշեց, որ մայիսի 12-ից ի վեր ՀՀ իշխանությունները փորձում են խաղաղ միջոցներով կարգավորել իրավիճակը՝ խուսափելու զոհերից և լարվածության հետագա աճից, և այս նպատակով ակտիվ խորհրդակցություններ են անցկացնում Հայաստանի գործընկերների հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Այս առումով դեսպան Պապիկյանը տեղեկացրեց, որ առ այսօր խորհրդակցությունները որևէ արդյունք չեն տվել, ավելին՝ ադրբեջանական կողմը չի ներկայացել մայիսի 19-ին նախատեսված հանդիպմանը:
Դեսպան Պապիկյանն այնուհետև նշեց, որ ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքում ոտնահարում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև այդ շրջաններում բնակիչների մարդու իրավունքները: Ավելին՝ ադրբեջանական զինծառայողները ահաբեկում են սահմանամերձ գյուղերի և համայնքների բնակչությանը՝ պահանջելով նրանցից հեռանալ այդ տարածքներից, հակառակ դեպքում սպառնալով սպանել կամ գերեվարել:
ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծեց, որ Ադրբեջանի կողմից լայնածավալ չհայտարարված զորավարժությունների անցկացման և Հայաստանի սահմանների երկայնքով սպառազինությունների և զորքերի կուտակման լույսի ներքո, Ադրբեջանի նման այս ապակառուցողական և սադրիչ գործողությունները նպատակ ունեն սրել իրավիճակը և խափանել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրագործումը:
Անդրադառնալով ադրբեջանական կողմի պնդումներին, որ տեղի է ունենում սահմանազատման և սահմանագծման գործընթաց, դեսպան Պապիկյանը նշեց, որ նշված գործընթացները քաղաքական և իրավական բնույթի են և ենթադրում են կայունության, անվտանգության և փոխադարձ վստահության մթնոլորտի առկայություն:
Ավարտելով իր ելույթը՝ դեսպան Պապիկյանը նշեց, որ Հայաստանը կշարունակի ստեղծված իրավիճակը խաղաղ և դիվանագիտական ճանապարհով հանգուցալուծելու իր ջանքերը: Սակայն լարվածությունը թուլացնելու համար նախ և առաջ անհրաժեշտ է որպեսզի Ադրբեջանն անհապաղ դուրս բերի իր զինված ուժերի Հայաստանի տարածքից և դադարեցնի լարվածությունը սրելու իր գործողությունները:
Դեսպան Պապիկյանը նաև կոչ արեց ԵԱՀԿ Շվեդական նախագահությանը, ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարին և ԵԱՀԿ մասնակից երկրներին համարժեք արձագանքել Ադրբեջանի սադրիչ և անպատասխանատու գործողություններին՝ տարածաշրջանում հետագա լարվածությունից խուսափելու համար: