Կանադայի դատարանը Իրանում ուկրաինական Boeing 737-ի կործանումն ահաբեկչություն է համարել
Կանադական Օնտարիո նահանգի դատարանը որոշել է, որ Իրանը հարված հասցնելով «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing 737 ինքնաթիռին, ահաբեկչություն է իրականացրել: «Global News»-ի տարածած տեղեկությունը ներկայացնում է «Գազետա ռու»-ն:
«Հայցվորները հաստատել են, որ պատասխանողը (Իրանը) ահաբեկչություն է իրականացրել՝ խոցելով 752 չվերթը, այն ահաբեկչական գործողություն է»,-ասել է դատավոր Էդվարդ Բելոբաբան:
Ըստ պարբերականի, հաշվի առնելով բոլոր հավանականությունները, դատարանը որոշել է, որ Իրանից հրթիռային հարվածը միտումնավոր է եղել:
Դատարանն այս որոշումը կայացրել է երկու փորձագետների կարծիքի հիման վրա, որոնցից մեկը եզրակացրել է, որ իրանական կողմը գիտեր ինքնաթիռի՝ քաղաքացիական լինելու մասին:
«Ուկրաինական միջազգային ավիաընկերության» «Բոինգ 737»-ը վթարի էր ենթարկվել հունվարի 8-ին՝ Թեհրանի օդանավակայանից թռիչք կատարելուց մի քանի րոպե անց: Զոհվել էր 176 մարդ: Ավելի ուշ Իրանի իշխանությունները խոստովանել էին, որ ինքնաթիռը սխալմամբ խոցվել է Իրանի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից:
Դրանից հետո Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը հրապարակեց «Բոինգ» ինքնաթիռի կործանման հետաքննության մասին զեկույց, համաձայն որի՝ միջադեպի մեղավորությունը ամբողջովին ընկնում է Իրանի հակաօդային պաշտպանության վրա: Հակաօդային հրթիռների համակարգի հաշվարկի զինծառայողը Թեհրանի օդանավակայանից բարձրացող քաղաքացիական ինքնաթիռը սխալմամբ դիտարկել էր որպես թևավոր հրթիռի:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան իրանական զեկույցը որակել է կողմնակալ: Ըստ նրա, փաստաթուղթը ներկայացնում է ընտրված ապացույցներ, իսկ արված եզրակացությունները խաբուսիկ են:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան