Ադրբեջանցիները 1.5 կմ առաջացել են ՀՀ տարածքով, հայ զինծառայողների հասցեին բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցրել. Դատախազություն
Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի հատվածում ՀՀ և ԱՀ ԶՈՒ-երի զինծառայողների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
«ՀՀ զինվորական դատախազության Գորիսի կայազորի զինվորական դատախազի հանձնարարությամբ առանձին լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա ՀՀ ՊՆ Սիսիանի ՌՈ բաժնի Գորիսի բաժանմունքում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2021թ. մայիսի 20-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի մի խումբ զինված զինծառայողներ առանց թույլտվության հատել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի վարչական տարածքում գտնվող Խոզնավար գյուղի հատվածում պահպանվող պետական սահմանը:
Նրանք մոտ 1.5 կմ առաջացել են ՀՀ տարածքով, դիրքավորվել և նրանց մոտեցած ՀՀ ԶՈւ զինծառայողների հասցեին բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցրել, հայտնել են, որ այդ տարածքը պատկանում է Ադրբեջանի Հանրապետությանը, առաջանալու դեպքում սպառնացել են կրակ արձակել: Դրանից հետո ՀՀ ԶՈւ զինծառայողներին հաջողվել է նրանց հետ ուղարկել ելման դիրքեր:
Նույն օրը՝ ժամը 21:10-ի սահմաններում, ԱՀ ԶՈւ մի շարք զինծառայողներ խմբով, կրկին առանց պատշաճ թույլտվության հատել են միևնույն հատվածում պահպանվող պետական սահմանը, վեճի բռնվել նրանց ընդառաջ գնացած, իրենց ծառայողական պարտականությունները կատարող ՀՀ ԶՈւ մի շարք զինծառայողների հետ: Փոխադարձ ծեծկռտուքի ընթացքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են պատճառվել ՀՀ ԶՈւ 11 ներկայացուցիչների: ՀՀ ԶՈՒ զինծառայողներին այս անգամ ևս հաջողվել է նրանց հետ ուղարկել ելման դիրքեր:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի երկրորդ մասով (երկու դրվագ), 300.2-րդ հոդվածով և 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 6-րդ կետերով»,- հայտնում են դատախազությունից:
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ-ն հաստատում է՝ Սյունիքում վիճաբանության հետևանքով վնասվածք ստացածներ կան
- Սև լճի մերձակայքում հայ և ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ տեղի է ունեցել վիճաբանություն. ՊՆ
- Թշնամին մեր ամբողջ գյուղի արոտավայրը մտել է, ասում են՝ փախեք ստեղից, գնացեք. Խոզնավարցիները մտահոգ են
- Վերջին մեկ շաբաթում Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում թշնամուն է հանձնվել 11 հազար հեկտար տարածք. Էդգար Էլբակյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան