ՊՆ-ն հաստատում է՝ Սյունիքում վիճաբանության հետևանքով վնասվածք ստացածներ կան
«Վիճաբանության արդյունքում երկու կողմերից էլ վնասվածք ստացածներ կան»,- Panorama.am-ին հայտնեցին ՊՆ-ից՝ պատասխանելով հարցին, թե արդյոք երեկ Սյունիքում հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև վիճաբանությունից հետո որևէ զինծառայող չի տուժել։
Թե ի՞նչ վնասվածքների մասին է խոսքը, քանի՞ հոգի է տուժել, ՊՆ-ից դժվարացան պատասխանել՝ ասելով, որ հանգամանքները դեռ ճշտվում են, և քանի դեռ ամբողջական չէ տեղեկատվությունը, չեն կարող հրապարակել։
Ավելի վաղ ՊՆ-ն պաշտոնական հաղորդագրություն էր տարածել, որ մայիսի 20-ի երեկոյան, հայկական և ադրբեջանական սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներով տարածվող՝ հայ և ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ տեսանյութերի պատճառաբանությամբ , Սև լճի մերձակայքում, տեղի է ունեցել վիճաբանություն, որը հարթվել է վերադաս հրամանատարության ջանքերով։