Արցախում պատմամշակութային ժառանգության պահպանման թեման կանոնավոր կերպով քննարկվում է․ Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է ադրբեջանցիների կողմից Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարի գմբեթները հանելուն։
Այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում լրագրողներից մեկը հիշեցրեց, որ Ադրբեջանի իշխանությունները, այսպես կոչված, «վերանորոգման աշխատանքների» անվան տակ, հանել են Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարի գմբեթները՝ եկեղեցու հայկական ճարտարապետական տեսքը աղավաղելու նպատակով, և բացի այդ, Ադրբեջանի իշխանությունները, խախտելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, հակահայկական թեզեր են առաջ քաշել Արցախի հայկական եկեղեցիների վերաբերյալ:
«Ինչպիսի՞ն է ռուսական կողմի ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի, արձագանքը այս իրադարձություններին»,- հարցրել է լրագրողը։
Ի պատասխան՝ Մարիա Զախարովան ասել է. «Արցախում և հարակից շրջաններում մշակութային և պատմական ժառանգության պահպանման թեման պարբերաբար քննարկում ենք ինչպես պաշտոնական Բաքվի, այնպես էլ՝ պաշտոնական Երևանի հետ: Մասնավորապես, այդ հարցը շոշափվել է մայիսի առաջին կեսին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Հայաստան և Ադրբեջան աշխատանքային այցի ընթացքում»։
Նա նաև նշել է, որ իրենք սատարում են տարածաշրջանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության հնարավորինս շուտ կազմակերպմանը։
«Այս տարվա ապրիլի 13-ին համանախագահների կողմից ընդունված հայտարարության մեջ նշվում է, որ կրոնական ու մշակութային ժառանգության պահպանումն այն հարցերից մեկն է, որը պահանջում է լրացուցիչ ջանքեր Ադրբեջանի և Հայաստանի կողմից»,- տեղեկացրել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան