Կառավարությունը դեմ արտահայտվեց հանքավայր շահագործողների ռոյալթիների դրույքաչափերի բարձրացմանը
«Բնօգտագործման վճարները չեն արտացոլում այն իրականությունը, որը գոյություն ունի»,- ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը՝ ներկայացնելով խմբակցության մյուս պատգամավորների հետ հեղինակած Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
Պատգամավորը շեշտեց, որ ընդերքը ժողովրդի սեփականությունն է, իսկ դրա շահագործման դիմաց ռոյալթիի գործող դրույքաչափերը ցածր են:
Նա առաջարկեց հանքահումքային ոլորտում արդար հարկման ինստիտուտ ներդնելու նպատակով բարձրացնել ռոյալթիների դրույքաչափերը և թափանցիկ դարձնել հանքշահագործողների հաշվետվողականությունը:
Մանուկյանը նշեց, որ նախագիծը մետաղական հանքավայր շահագործողների ռոյալթիների դրույքաչափերին է վերաբերում:
«Եթե ռոյալթիի գծով բեռը համարժեք է, ապա փոփոխություն կատարելու առաջարկը հասկանալի չէ, իսկ եթե կա փոփոխության կարիք, պետք է հասկանալ՝ ինչ չափով, գուցե պետք է ոչ թե բարձրացնել, այլ իջեցնե՞լ»,- ներկայացնելով գործադիրի տեսակետը՝ հայտնեց ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:
Նրա խոսքով՝ ռոյալթիի փոփոխությանը պետք է նախորդի գործող համակարգի վերլուծությունը:
Ըստ փոխնախարարի՝ հանքարդյունաբերությունը տնտեսության համար առանձնահատուկ ոլորտ է, որտեղ ՀՆԱ-ի մեծ մասնաբաժին է գեներացվում:
Պողոսյանի հավաստիացմամբ, հանքարդյունաբերությունն արտահանման մեծ ծավալ է ապահովում, ինպես նաև հարկային մուտքերի և զբաղվածության աղբյուր է:
Ընդգծելով, որ համավարակի և պատերազմի հետևանքով ոլորտն անդառնալի կորուստներ է կրել՝ Պողոսյանը նկատեց, որ միջազգային հետազոտողները Հայաստանի համար ռոյալթիի մակարդակը միջին են գնահատել:
Փոխնախարարը ԱԺ հանձնաժողովի անդամներին տեղեկացրեց, որ կառավարությունն առաջարկում է այս պահին ձեռնպահ մնալ այս նախաձեռնությունից:
Օրենքի համահեղինակ Արտակ Մանուկյանը, նախագիծը լրամշակելու և թերությունները վերացնելու նպատակով, առաջարկեց քննարկումը երկու ամսով հետաձգել:
Հարակից հրապարակումներ`
- Առանց հիմքի ԱԺ-ն հավանություն տվեց կլինկերի ներմուծումը լիցենզավորվող գործունեություն սահմանելու նախագծին
- Բենզալցակայաններում և այլ օբյեկտներում կապարակնիքների վնասման դեպքում կսահմանվի 500 հազար դրամ տուգանք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան