Երեք տարի՝ առանց Շառլ Ազնավուր. մեծն շանսոնյեն կդառնար 97 տարեկան
«Երբ ռադիոընդունիչի կոճակը կսեղմեմ և հեռու հեռուներեն կլսեմ Ազնավուրի երգերը, միտքես կըսեմ. «Ապրի՛ս, եղբա՛յր, դուն ալ հաղթեցիր, դուն մեծ ու տոկուն հայ մըն ես…»,- մի առիթով ասել է աշխարհահռչակ ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանը մեծն Շառլ Ազնավուրի մասին։
Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այսօր կդառնար 97 տարեկան։
«Իմ ճանապարհը հեշտ ու հանգիստ չի եղել: Շատ դառնություններ եմ ճաշակել այդ ճանապարհին՝ երեսիս փակված դռներ, հեգնանքով լի ժպիտներ, չարախոսություններ...»,- ասել է 1924 թվականի մայիսի 22-ին Ֆրանսիայում՝ հայ գաղթականների ընտանիքում ծնված Շառլը, ով չնայած այդ դժվարություններին, համաշխարհային համբավ ձեռք բերեց և ճանաչվեց 20-րդ դարի լավագույն երգիչ։
100 տոկոսով ֆրանսիացի և 100 տոկոսով հայ Շառլի իրական անուն-ազգանունը Շահնուր Վաղինակ Ազնավուրյան է։
Հայրը՝ Միշան, ծնվել է Վրաստանի Ախալցխա, մայրը՝ Թուրքիայի Իզմիր քաղաքներում: Շառլի ընտանիքն ամուր կապված էր ազգային սովորույթներին, մայրենի լեզվին, եկեղեցուն: Ծնողները մասնակցում էին հայերի կազմակերպած թատերական ներկայացումներին, որոնց ներկա էր լինում նաև Շառլը: Մանկուց նա մեծ հետաքրքրություն ուներ արվեստի հանդեպ: Հաճախում էր թատերական դպրոց: Ծնողներին օգնելու համար պատանի Շառլը ելույթներ էր ունենում փոքր ներկայացումներում, երգում եկեղեցում:
Ավելի ուշ սկսել է երգեր գրել ժամանակի ճանաչված երգիչների համար: 1946 թ-ին ծանոթացել է հանրահայտ երգչուհի Էդիտ Պիաֆի հետ, և միասին շրջագայել են համերգներով: Սկզբնական շրջանում երգել է Պիեռ Ռոշի հետ: Համընդհանուր ճանաչման է հասել 1959 թ-ին՝ Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում ելույթից հետո: Երգել է աշխարհի գրեթե բոլոր լավագույն համերգասրահներում, համերգներով հանդես է եկել նաև Երևանում: Ազնավուրը գրել է 1000-ից ավելի երգ: Նրա երգերի սկավառակները թողարկվել են միլիոնավոր օրինակներով, բանաստեղծությունները թարգմանվել և լույս են տեսել առանձին գրքերով:
Նա իր երգերի լավագույն կատարողն է: Ազնավուրը երգել է Լուչանո Պավարոտիի, Պլաչիդո Դոմինգոյի, Լայզա Մինելիի, Միրեյ Մաթյոյի, Պատրիսիա Կաասի հետ: Դստեր՝ Սեդայի հետ կատարել է Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը: Գրել է նաև օպերետային երաժշտություն: Ազնավուրը նկարահանվել է 60-ից ավելի կինոնկարներում՝ «Հռենոսի անցումը», «Սատանան և տասը պատվիրանները», «Հայր Գորիո» և այլն, իսկ «Գլուխը՝ պատը» ֆիլմի համար արժանացել է «Բյուրեղյա աստղ» մրցանակի:
1988 թ-ի Սպիտակի երկրաշարժից հետո նա բազմիցս այցելել է Հայաստան, եղել աղետի գոտում: Փարիզում ստեղծել է երկրաշարժից տուժածների օգնության «Ազնավուրը Հայաստանին» հիմնադրամը, որի ներկայացուցչությունը բացել է Երևանում: Երգիչ և կոմպոզիտոր Ժորժ Կառվարենցի հետ գրել է «Քեզ համար, Հայաստան» երգը, թողարկել տեսահոլովակ` Ֆրանսիայի 90 երգչի ու դերասանի մասնակցությամբ: Կուբայում Չ. Վալդեսի հետ թողարկել է ալբոմ (2007 թ., շնորհանդեսը՝ Մոսկվայում):
1995 թ-ից ՀՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով պատվավոր դեսպանն էր, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշտական պատվիրակը Հայաստանում: 2009 թ-ին նշանակվել էր ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Շվեյցարիայում: Գրել է «Ազնավուրն Ազնավուրի մասին» (1975 թ.), «Անցած օրեր» (2004 թ.) հուշագրությունները:
Շառլ Ազնավուրը մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին։
«Մեր երկրում պոետները չեն մեռնում»,- սա Ֆրանսիայի նախագահ Մակրոնի խոսքն է բանաստեղծ, կինոդերասան, հասարակական գործիչ մեծ շանսոնիե Շարլ Ազնավուրի մասին:
Պոետը, որ իր երգով, հմայքով վայելեց աշխարհի սերը, նա միշտ կմնա մեզ հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին