Մեղրիի միջանցքով Թուրքիան դառնալու է Եվրասիայի գլխավոր էներգետիկ հաբը.Վարուժան Գեղամյան
«2013-14 թվականներին Թուրքիան սկսեց ներգրավվել տարածաշրջանային բոլոր կոնֆլիկտներում ռազմական ուժի տեսքով»,- հայ-ամերիկյան քաղաքագիտական առաջին ֆորումի ժամանակ հայտարարեց թուրքագետ Վարուժան Գեղամյանը։
Նրա խոսքով, մինչ այդ՝ 2010 թվականին, Թուրքիան վարում էր փափուկ ուժի դրսևորման քաղաքականություն՝ «0 խնդիր հարևանների հետ» հայտնի կարգախոսի շրջանակներում։
Գեղամյանը նկատեց, որ վերջինս իրականացվում է թուրքական սերիալների միջոցով, որոնք սկսեց ընկալվել շատ լավ գործիք՝ աշխատելու հանրույթների հետ և այսօր պետությունն ուղիղ ներգրավված է սերիալների արտադրության մեջ։
«Թուրքական սերիալներն արցախյան վերջին պատերազմի ժամանակ այնքան արդիական էին աշխատում, որ դրանցում պատերազմին հընթացս տեղ էին գտնում պատերազմին վերաբերող արձագանքներ, չնայած կարող է պատմական բնույթի լինել»,- նկատեց թուրքագետը։
Նրա խոսքով, 2014 թվականից Թուրքիայի արտաքին քաղաքականությունը ռազմականացվեց, որի էությունը պատերազմներ հրահրելը և դրանց մեջ ներգրավվելով իր շահերն ու ներկայությունն ապահովելն էր։
«Այդ քաղաքականության շրջանակներում էլ 2020 թվականին Թուրքիան մտավ Արցախ»,- հայտնեց Վարուժան Գեղամյանը և նկատեց, որ Հարավային Կովկասում այսօր Թուրքիան արտաքին քաղաքականությունը ոչ միան ռազմական, այլև փափուկ ուժի տեսքով է իրականացնում,նաև Վրաստանում և Ադրբեջանում։
Ըստ թուրքագետի՝ տարածաշրջանային գործընթացներում մի կողմից գործ ունենք անկախ Թուրքիայի Հանրապետության հետ, որը հետապնդում է խիստ յուրային շահեր, մյուս կողմից՝ արևմտյան ուղեծիրի, որոնք կարող են հատվել, կամ չհամադրվել։
Նրա խոսքով, Թուրքիայի առաջնային նպատակը Սյունիքով թուրքական միջանցք ստանալն է, որը տարածաշրջանում ռազմավարական պաշար է տալիս՝ մասնավորապես այնտեղով նաև գազատար անցկացնելու դեպքում։
«Դրանով Թուրքիան դառնում է Եվրասիայի գլխավոր էներգետիկ հաբը, այսինքն՝ Ասիայից արևմուտք Ռուսաստանը շրջանցող բոլոր էներգետիկ ենթակառուցվածքներն անցնելու են Թուրքիայի տարածքով»,- հայտարարեց Վարուժան Գեղամյանը և պատերազմի համեմատ աննախադեպ ավելի մեծ որակեց այն ջանքերը, որոնք Թուրքիան ներդնում է միջանցքը ստանալու համար։
«Թուրքիան Սյունիքի միջանցքով Հարավային Կովկասում մեծ ազդեցություն է ստանալու, հետո դա կվաճառի օրինակ Ռուսաստանին»,- եզրափակեց բանախոսը։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-Թուրքիա դաշնակցային հարաբերությունների հիմքում ընկած է նաև հայկական գործոնը. Ռուբեն Մելքոնյան
- Չեմ կարող պատկերացնել հայ-ադրբեջանական բանակցություններ առանց Ադրբեջանի ճնշումների. Էդուարդ Աբրահամյան