Anadolu-ի լրագրողն աշխատանքից հեռացվել է մաֆիայի հետ Թուրքիայի ՆԳ նախարարի կապերի մասին հարց հնչեցնելու համար
Թուրքական «Anadolu» գործակալությունը հայտարարել է իր թղթակից Մուսաբ Թուրանին աշխատանքից ազատելու մասին այն բանից հետո, երբ նա մամուլի ասուլիսում հարց էր հնչեցրել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի՝ կազմակերպված հանցավորության հետ հնարավոր կապի մասին: Այդ մասին գրում է «ՌԻԱ նովոստի»-ն։
Ավելի վաղ Թուրքիայում հայտնի թուրքական մաֆիայի ղեկավարներից մեկը՝ Սեդաթ Պեկերը, որը թաքնվում է արտերկրում, YouTube-ում տեղադրել էր մի քանի տեսանյութ, որում նա մեղադրում էր մի շարք նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնյաների, մասնավորապես՝ Սոյլուին, կոռուպցիայի և մաֆիայի հետ կապի մեջ։
Ըստ Պեկերի՝ ՆԳ նախարարն իրեն պաշտպանություն է առաջարկել և զգուշացրել է իր դեմ հետաքննություն սկսելու մասին՝ թույլ տալով նրան 2020-ի սկզբին լքել Թուրքիան, որպեսզի չձերբակալվի:
Ուրբաթ օրը մամուլի ասուլիսում Թուրանը Թուրքիայի արդյունաբերության և գյուղատնտեսության նախարարներ Մուստաֆա Վարանքին և Բեքիր Պակդեմիրլիին հարցրել էր, թե արդյո՞ք կառավարությունը մտադիր է պատասխանել այս մեղադրանքներին՝ հավելելով, որ Սոյլուն բարոյական լուրջ վնաս է հասցնում իշխող կուսակցությանը:
««Anadolu» գործակալությունը դադարեցրել է իր թղթակից Մուսաբ Թուրանի հետ պայմանագիրը, որը մամլո ասուլիսի ժամանակ հնչեցրել է լրագրողական չափանիշներին չհամապատասխանող հարցեր, դրանք վերածել քաղաքական քարոզչության՝ այն ուղիղ հեռարձակելով սոցցանցերում»,- ասվում է գործակալության տնօրինության տարածած հայտարարության մեջ։
Նշվում է, որ հայց է ներկայացվել նաև դատախազություն` ստուգելու, թե արդյոք Թուրանը որևէ ահաբեկչական կազմակերպության անդամ է: