Նորիկյան. ԲԱՑԱՌՈՒՄ ԵՄ, որ ընտրվելու դեպքում «Արդար Հայաստան» կուսակցությունը կոալիցիա կազմի ՔՊ-ի հետ
Իրավապաշտան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան գրառման միջոցով հրապարակային հարց է ուղղել փաստաբան Նորայր Նորիկյանին, որն իր հիմնադրած «Արդար Հայաստան» կուսակցության միջոցով արտահերթ ընտրություններին մասնակցելու մտադրություն է հայտնել։
«Հարգելի՛ պարոն Նորիկյան, օրական մի քանի անգամ առիթ եմ ունենում ողջունել Ձեզ Երևանի տարբեր փողոցներում, և ամեն անգամ մեն-մի հարց է ինձ մոտ առաջանում։ Հաշվի առնելով մեր գործընկերային հարաբերությունները և տարբեր առիթներով համագործակցության փորձը՝ ինձ իրավունք վերապահեմ հարցս հնչեցնել հրապարակավ ու ակնկալել նույնքան հրապարակային ու հստակ պատասխան.
Ընտրվելու դեպքում Ձեր գլխավորած քաղաքական ուժը հնարավոր համարու՞մ է «Քաղաքացիական պայմանագրի» հետ կոալիցիան, թե՞ բացառում է այդ հնարավորությունը։ Շնորհակալություն»,-հարցրել է Ռուբեն Մելիքյանը։
Հարցին հրապարակային պատասխանել է Նորայր Նորիկյանը՝ մասնավորապես նշելով.
«Դատելով գրառմանը հավանող անձանց շրջանակից, համոզվեցի, որ հետաքրքրություն կա մեր վարքագծի և առաջիկա անելիքների վերաբերյալ:
Ցավոք սրտի, վերջին տարիների քաղաքական բանավեճի մակարդակն այն աստիճան իջեցվեց, որ եթե քո հրապարակային խոսքում բացակայում է հայհոյանքը, վիրավորանքն ու ոչ ֆորմալ այլ բառերը, ուրեմն ինչ-որ բան այն չէ:
Ես համարում եմ, որ քաղաքականության մեջ էլ բարոյականություն ու ազնվություն կա:
Վերջին ժամանակահատվածում մեր անունը շահարկվում է տարբեր ձևաչափերում: Ինձ համար հասկանալի է շահարկման ենթատեքստը, բայց վստահեցնում եմ, որ դրանք ստահոդ տեղեկություններ են:
Ու քանի որ Ձեր կողմից հարցն ուղիղ է տրվել, պատասխանեմ ուղիղ. ԲԱՑԱՌՈՒՄ ԵՄ, որ ընտրվելու դեպքում «Արդար Հայաստան» կուսակցությունը կոալիցիա կազմի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ:
Հուսով եմ, որ այս գրառումները հնարավորություն կունենանք ընթերցել հունիսի 21-ից հետո:
Օգտվելով պատեհ առիթից՝ հարկ եմ համարում ընդգծել, որ որևէ մեկի կողմից դեմ ենք որևէ ստվերային խաղերի:
Մենք իսկապես ցանկանում ենք ստեղծել որակապես նոր քաղաքական միջավայր ու մեր նպաստը բերելու ենք այդ միջավայրի ստեղծմանը»։