Չեմ կարող պատկերացնել հայ-ադրբեջանական բանակցություններ առանց Ադրբեջանի ճնշումների. Էդուարդ Աբրահամյան
«Պատերազմից հետո տեղի են ունեցել ֆունդամենտալ փոփոխություններ և Հայաստանը ոչ միայն տարածքային կորուստներ է ունեցել, այլև միջազգային հարաբերություններում ունեցել է կարգավիճակի լրջագույն իջեցում»,- Հայ-ամերիկյան քաղաքագիտական առաջին ֆորումի ժամանակ հայտնեց Լեսթեի հաամլսարանը ներկայացնող փորձագետ Էդուարդ Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ եթե նախկինում մենք դիտարկվում էինք տարածաշրջանում օրակարգ թելադրող պետություն, որն ունակ էր պրոյեկտել ուժ և ազդեցություն, ապա այսօրվա դրությամբ դարձել ենք փոքր ուժ։
Ներկայում Հայաստանը, ըստ բանախոսի, ունի ակնհայտ կախվածություն Ռուսաստանից՝ բոլոր առումներով և չի կարողանում տարածաշրջանում ունենալ որևէ ազդեցություն։
«Հայաստանն այսօր, պետք է ցավով արձանագրենք, որ գործոն չէ տարածաշրջանում»,- hայտարարեց Աբրահամյանը։
Նա ակնկալում է, որ մի օր իշխանության կգան մարդիկ, որոնք կգիտակցեն Հայաստանը գործոն դարձնելու, օրակարգ թելադրող դարձնելու և Միացյալ Նահանգների նման գերտերության հետ քաղաքական առևտրի մեջ մտնելով, միմյանց վրա գործառույթներ վերցնող պետություն ունենալու տեսալականը։
Աբրահամյանը սակայն անմիջապես շեշտեց, որ մոտ կամ միջնաժամկետ ապագայում նման հնարավորություններ չի տեսնում։
«Քանի որ ԱՄՆ-ի համար նորմերի վրա հիմնված դիվանագիտությունը նորից վերադառնում է օրակարգ՝ կրկին մեր տարածաշրջանի անվտանգությունը դիտարկվելու է դեմոկրատիաների անվտանգության տեսանկյունից»,- հայտնեց բանախոսը։
Նրա կարծիքով՝ առաջիկայում բացվելիք բոլոր կոմունիկացիաները և համագործակցության հեռանկարները ի օգուտ են փոքր կամ մեծ Եվրասիայի՝ ՌԴ-Չինաստան, կամ ՌԴ-Չինաստան-Թուրքիա նախագծի ձևավորմանը, ինչը չի բխում ԱՄՆ շահերից։
Աբրահամյանի խոսքով՝ Հայաստանի գործիքը, որը հնարավորություն էր տալիս տարածաշրջանում ուժ պրոյեկտելու, Արցախն էր՝ իր բոլոր տարածքներով և աշխարհաքաղաքական դիրքով, որն առկա էր մինչև սեպտեմբերի 27-ը։
Նա համոզված է, որ մինչև պատերազմը Արցախը դիտարկվում էր բնական խոչընդոտ փոքր կամ մեծ Եվրասիայի ծրագրերի համար։
Շեշտելով, որ ԱՄՆ-ի համար Հայաստանը կարող է դառնալ առաջնահերթություն, եթե վերջինս ցանկանա՝ Էդուարդ Աբրահամյանը նկատեց, որ սովորաբար փոքր պետություններն են գնում գերտերությունների հետ առևտրի՝ առաջարկելով իրենց ծառայությոններն և իրենց համար ակնկալելով օգուտներ։
«Ջո Բայդենը հայտնել է, որ ԱՄՆ-ը կարևորելու է դաշնակիցների, հատկապես փոքր դաշնակիցների դերը և ազատությունը տարածաշրջանային քաղաքականության մեջ դերակատարություն ունենալու հարցում»,- հայտարարեց բանախոսը և բացատրեց, որ Միացյալ Նահանգները փոքր պետություններից Եվրասիական տարածաշրջանում ակնկալում է փոքր գործառույթների ստանձնում և գաղափարներով հանդես գալ։
Նրա խոսքով՝ պատերազմից հետո Ադրբեջանը դոմինանտ դեր ստանձնեց տարածաշրջանում և խոշոր պետություններն աշխատում են նրա հետ, այլ ոչ թե հավասարապես երեք երկրների, հետևաբար, նա չի կարող պատկերացնել հայ-ադրբեջանական բանակցություններ առանց ադրբեջանական կողմի ճնշումների և սպառնալիքների։
«Տարածաշրջանում վերին մակարդակի թելադրող երկիր է ՌԴ-ն, իսկ ստորին մակարդակում՝ Ադրբեջանը և երկու երկրներին էլ ձեռնտու չէ տարածաշրջանում Արևմուտքի ներգրավումը, որը կարող է բերել կոնֆիգուրացիաների փոփոխության»,- հայտնեց Լեսթերի համալսարանի փորձագետը։