Իշխան Սաղաթելյան. «Հայաստան» դաշինքի ցուցակի կազմման աշխատանքներն ավարտական փուլում են
«Հայաստան» նախընտրական դաշինքի ընտրական ցուցակների կազմումն ավարտական փուլում է։ 5-րդ ալիք հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Մի քանի օր անց այն կներկայացնենք Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Այս իմաստով ասեմ, որ մենք ներկայանալու ենք շատ լուրջ, կշիռ ունեցող ցանկով։ Ցանկում ընդգրկված են պետական համակարգում հաջողած, անբիծ կենսագրություն ունեցող մարդիկ, փորձառու գործիչներ, երիտասարդ, թարմ դեմքեր, հայտնի բժիշկներ, լրագրողներ ու այլ մասնագետներ։ Մի խոսքով, մարդիկ, ովքեր ունեն անցած ճանապարհ, գիտելիք, փորձառություն, և պատրաստ են գալ ու ծառայել հայրենիքին»,- նշել է նա։
Սաղաթելյանի խոսքով, իրենք ներկայանալու են բավականին ու մրցունակ թիմով։
Հիշեցնենք, որ «Հայաստան» նախընտրական դաշինքը գլխավորում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Դաշինքը կազմված է ՀՅԴ-ից ու Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի գլխավորած նորաստեղծ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից։
Հունիսի 20-ին կայանալիք ՀՀ ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի 13-րդ կետի համաձայն` կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման համար փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու են մինչև 26.05.2021թ. ժամը 18:00-ն։
ԿԸՀ հրապարակած ժամանակացույցի համաձայն, նախընտրական քարոզչությունը կմեկնարկի հունիսի 6-ին և կշարունակվի հունիսի 18-ի ժամը 24։00-ն։ Կուսակցություններն ու դաշինքներն ինքնաբացարկի դիմումներ կարող են ներկայացնել մինչև հունիսի 10-ը։
Քվեաթերիկների տպագրությունը կմեկնարկի հունիսի 10-ին և կշարունակվի 7 օր։ Էլեկտրոնային եղանակով քվեարկությունը կմեկնարկի ընտրություններից 9 օր առաջ՝ այսինքն հունիսի 11-ին ժամը 08։00-ից և կավարտվի հունիսի 13-ին ժամը 20։00-ին։
Քվեարկությունը սկսում է հունիսի 20-ին ժամը 08։00-ից, ընթացքի մասին տեղեկություններ հրապարակվում են ժամը 09։00-ին, 12։00-ին, 15։00-ին, 18։00-ին, 21։00-ին։
Քվեարկությունն ավարտվում է ժամը 20։00-ին։ Էլեկտրոնային քվեարկության արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունը հրապարակվում է հունիսի 20-ի ժամը 20։00-ից հետո։ Ընտրատեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության կազմումն ավարտվում և այն հրապարակվում է հունիսի 21-ին ժամը 08։00-ին։
Ընտրատեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ անվավեր ճանաչելու դիմում կարելի է ներկայացնել հաջորդ օրը՝ ժամը 12։00-18։00-ն կամ քվեարկությունից երկու օր հետո՝ ժամը 09։00-11։00-ն։ Քվեարկության արդյունքներն ամփոփվում են և ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումներն ընդունվում են քվեարկությունից 7 օր անց՝ հունիսի 27-ին։
ԿԸՀ-ն ԱԺ ընտրվելու կամ երկրորդ փուլ նշանակելու որոշում կայացնում է հուլիսի 4-ին։
Հարակից հրապարակումներ`
- Այսպիսի ապօրինություններով ոչ ոքի չեն ճնշելու, այլ ճիշտ հակառակը. «Հայաստան» դաշինքը՝ Արմեն Գևորգյանին մեղադրանքներ ներկայացնելու մասին
- Կառավարությունը պարտավոր է դադարեցնել Նիկոլ Փաշինյանի լիազորությունների ապօրինի կատարումը․ «Հայաստան» Դաշինք
- Հավանաբար որոշել են ինչ- որ խափանման միջոց ընտրեն՝ խաթարելու իմ գործունեությունը որպես «Հայաստան» դաշինքի շտաբի պետ. Արմեն Գևորգյան