Իջևանի դենդրոպարկը թվայնացվում է
Հայաստանում առաջին անգամ դենդրոպարկ է թվայնացվում: Մեզ համար այն նորություն է, մինչդեռ շատ երկրներում՝ օրենքի պարտադիր պահանջ։ Այսինքն՝ զարգացած և զարգացող երկրներում դենդրոպարկերի ծառաթփատեսակները հասանելի են մարդկանց՝ անկախ գտնվելու վայրից, և դա օրենքով է կանոնակարգվում։
Հայաստանում օրենսդրական նման մի նախագիծ եղել է, սակայն այդպես էլ ընթացք չի ստացել։ Այսօր այդ աշխատանքը սկսել է իրականացնել երիտասարդ անտառագետ Դավիթ Ամիրյանը։
Տեսնելով շատ երկրներում դենդրոպարկերի ծառաթփատեսակների առցանց հասանելությունը, որոնք մեծ արժեք են ներկայացնում, անտառագետը փորձում է Հայաստանում, մասնավորապես, Իջևանի դենդրոպարկում առկա եզակի տեսակները համացանցի օգնությամբ հասանելի դարձնել մարդկանց։
Այսպես՝ դենդրպարկին առցանց ծանոթանալու հնարավորություն ունեն զբոսաշրջիկները, իսկ գիտությամբ զբաղվողներին հասու կլինի նաև տվյալների բազան։ Իջևանի դենդրոպարկի թվայնացմամբ կհավաքագրվեն բոլոր ծառաթփատեսակները և կստեղծվի տվյալների բազա:
«Համացանցում նկատեցի «Awesome nature Armenia»-ի հայտը, դիմեցի և մեկ ամիս անց հաղթող ճանաչվեց իմ կողմից ներկայացված «Իջևանի դենդրոպարկի թվայնացում» ծրագիրը։ Այն իրենից ենթադրում է անտառագիտական, գիտահետազոտական և, իհարկե, զբոսաշրջային ծրագիր։
Իջևանի դենդրոպարկով հետաքրքրվողները, անկախ այն բանից՝ երկրագնդի որ անկյունում են գտնվում, կարող են առցանց հետազոտություն իրականացնել կամ օգտվել թվայնացված քարտեզից, տվյալների բազայից՝ տեղեկություն ստանալու համար»,- «Panorama.am»-ի հետ զրույցում ասաց անտառագետ Դավիթ Ամիրյանը։
Ավելի մանրամասն ներկայացնելով աշխատանքը մասնագետը հայտնեց, որ յուրաքանչյուր արժեքավոր ծառատեսակ ենթարկվում է անհատական մանրամասն ուսումնասիրության։
Իջևանի դենդրոպարկի թվայնացման արդյունքում ամեն մի ծառ կունենա իր հերթական համարը և անձնագիրը, որում կնշվեն ծառատեսակի տրամագիծը, բարձրությունը, բնի վազքը, արտադրողունակությունը և անտառագիտական այլ տվյալներ։ Ինչպես նաև կստեղծվի բոլոր ծառաթփատեսակների հերբարիում։
«Արդյունքները զետեղվելու են տվյալների բազայում, որը հասանելի կլինի բոլորի համար։ Բացի դրանից նաև հերբարիում է պատրաստվելու, որից կարող են օգտվել ուսանողները։ Այսինքն՝ ամեն ծառաթփատեսակից վերցվում է նմուշ (տերև, ծաղիկ, կեղև և այլն), որը չորացվում է մամլիչի օգնությամբ։ Արդյունքում, ունենում ենք նմուշ, որը 100 տարի կարող է պահպանվել և օրինակ՝ 100 տարի անց մարդիկ կարող են տեսնել, թե ինչպիսին է եղել տվյալ բույսի տերևը և այլն»,- պարզաբանեց Ամիրյանը։
Քչերին է հայտնի, որ իրականում դենդրոպարկերը ստեղծվել են գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու համար։
«Դենդրոպակը լոկ արահետ չէ, որտեղ կարելի է զբոսնել։ Այն ունի նաև գիտահետազոտական աշխատանքներ կատարելու առաջնային նշանակություն։ Այս ուղղությամբ դենդրոպարկերում խորհրդային տարիների փլուզումից հետո լուրջ աշխատանքներ չեն իրականացվել։ Եթե ֆինանսական հոսքեր, հաստիքներ լինեն, ապա հետազոտություններն ավելի թափով կընթանան»,- նշեց անտառագետը։
Նշենք, որ Հայաստանում կա 4 դենդրոպարկ՝ Ստեփանավանում, Վանաձորում, Իջևանում, Բերդում և 1 դենդրարիում՝ Երևանում։
Իջևանի դենդրոպարկը, որը մի քանի օրից թվային տարբերակով հասանելի կլինի բոլորին, զբաղեցնում է 14,5 հա տարածք։ Այնտեղ հաշվարկվում է 650 ծառ ու թուփ։ Այստեղ է գտնվում աշխարհում միակ արջատխլենու արահետը։ Այն հանդիպում է միայն հյուսիսային Հայաստանում, մասամբ՝ Վրաստանի հարավ-արևելյան շրջանում։ Բացի դրանից, կան եզակի տեսակներ՝ հսկա սեյբաներ, վայրի լիմոնենիներ, վայրի խնձորենիներ և այլ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան