ԱՄՆ-Թուրքիա դաշնակցային հարաբերությունների հիմքում ընկած է նաև հայկական գործոնը. Ռուբեն Մելքոնյան
«ԱՄՆ-ի կողմից հայերի հանդեպ դրական վերաբերմունքն ամենևին չի նշանակում, որ թուրք-ամերիկյան ռազմավարական հարաբերությունները պետք է ստորադասվեն»,- հայ-ամերիկյան քաղաքագիտական առաջին ֆորումի ընթացքում հայտարարեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
Նրա խոսքով, չնայած Հայոց ցեղասպանությունն ԱՄՆ-ում Սենատի կողմից ճանաչվեց, միևնույն է, թուրք-ամերիկյան հարաբերություններն ավելի կարևոր են։
Ներկայացնելով թուրք-ամերիկյան դաշնակցային հարաբերությունների պատմությունը՝ Մելքոնյանը հայտնեց, որ այն սկսվել է Սևրի պայմանագրի ստորագրմամբ։
Նա գտնում է, որ այդ դաշնակցային հարաբերությունների հիմքում ընկած է նաև հայկական գործոնը։
Ըստ Ռուբեն Մելքոնյանի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո թուրք-ամերիկյան հարաբերությունները նախ ջերմացել են, հետո վերածվել դաշնակցային հարաբերությունների, որի հանգրվանը եղել է ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցությունը։
«Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթած Խորհրդային Միության սպառնալիքը չեզոքացնելու համար Թուրքիան պետք է փնտրեր դաշնակիցներ, և այդ դաշնակիցը հայտնվեց՝ ի դեմս ԱՄՆ-ի, նաև՝ Մեծ Բրիտանիայի և ի վերջո, ԱՄՆ-ն դարձավ Թուրքիայի շահերի պաշտպանը»,- նկատեց թուրքագետը։
Նրա խոսքով՝ երբ ԱՄՆ-ը Թուրքիային օգնեց կասեցնել խորհրդային սպառնալիքը, հիմք դրվեց թուրք-ամերիկյան հարաբերությունների նոր փուլին։
Ռուբեն Մելքոնյանը նկատեց, որ ներկայում տարածաշրջանում ընթացող գործընթացները կրկնում են 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները։
Նրա խոսքով՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանության գալուց հետո Թուրքիան ԱՄՆ-ի հետ հարաբերություններում իրեն ընկալում է հավասարազոր գործընկեր-դաշնակից, այլ ոչ թե որպես կրտսեր եղբայր։
Հարակից հրապարակումներ`
- Թուրք վերլուծաբան. ԼՂ պատերազմում Թուրքիայի ներգրավվածությունը ոսկե տոմս էր նրա համար
- Չեմ կարող պատկերացնել հայ-ադրբեջանական բանակցություններ առանց Ադրբեջանի ճնշումների. Էդուարդ Աբրահամյան
- Փոլ Սթրոնսկի. ԱՄՆ-ը Հարավային Կովկասում չի ունենա այնպիսի ակտիվ ներգրավվածություն, ինչպես Բուշի օրոք էր