Գործող վարչախումբը մեզ հասցրել է ՀՀ իրական տարածքային ամբողջականության խնդրին. Վարդան Ոսկանյան
«Երեկ կառավարության շենքի մոտ կազմակերպված ցույցի ընթացքում հավաքվել էր մոտ 5000 քաղաքացի, և ես կարծում եմ, որ ընդդիմության այդ գործողությունը պատճառ դարձավ, որ ԱԳՆ-ն հայանպաստ հայտարարությամբ հանդես գա»,- ճեպազրույցի ժամանակ հայտնեց արևելագետ Վարդան Ոսկանյանը։
Նա նաև նկատեց, որ եթե Հայաստանում չլինի ընդվզում ակնհայտ հակահայկական ծրագրերի նկատմամբ, ապա նրա արտաքին գործընկերներն էլ կկարծեն, թե հայ հասարակությունը համաձայն է այդ ամենի հետ։
Ոսկանյանի խոսքով, չնայած հիմնական խնդրի՝ հանցավոր վարչախմբի հեռացման հարցում ընդդիմությունն արդյունքներ չի արձանագրում, բայց այլ հարցերում արդյունքներ գրանցվում են։
Նա համոզմունք հայտնեց, որ վարչախումբը չի կարող հետ պտտել պատմության անիվն և այն պտտվում է ի վնաս իրենց, բայց նրանք ամեն օր հայ ժողովրդի գլխին բերում են նոր պատուհասներ։
«Մենք չունենք այն դերասանական հակումները, որն ունի այդ անձը, և չենք կարողանում անպատասխանատու կերպով վերաբերվել մեր հասարակությանը, ինչը շատ լավ է»,- հայտարարեց «Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքի ներկայացուցիչը և հավելեց, որ իրենք պետական գործիչներ են և չեն կարող խաբել հասարակությանը, որպեսզի ձայներ հավաքեն։
Անդրադառնալով Ալիևի այն հայտարարությանը, թե խաղաղության պայմանագիր կկնքվի, եթե Հայաստանը ճանաչի Ադրբեջանի սահմանները՝ բանախոսը շեշտեց, որ հայ հասարակությունը չի հանձնվել և չի հանձնվի, իսկ Ալիևը շփոթել է Հայաստանի հասարակությն ու ազգային ուժերին՝ տեսնելով իր դիմաց կապիտուլյանտին։
Ոսկանյանը համաձայն է ԱԳՆ-ի այն հայտարարության հետ, որ Արցախի կարգավիճակի հարցը պետք է շաղկապվի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հետ և պետք է օկուպացված տարածքներն ազատվեն։
Վարդան Ոսկանյանը չմեկնաբանեց Իրանից Հայաստան ժամանած գեներալների վերաբերյալ հարցին՝ մեջբերելով միայն ՀՀ-ում ԻՀ դեսպանի այն խոսքը, որ երկու երկրների միջև ռազմական համագործակցության ոլորտում տեղի է ունենում որոշակի գործընթաց։
Իրանագետի խոսքով՝ իրանցիները մշտապես հանդես են եկել տարածքային ամբողջականության առաջնայնույթյան օգտին՝ հաշվի առնելով առաջին հերթին Իրանի շահերը, քանի որ կան ուժեր. որոնք փորձում են այդ երկրում խթանել անջատողական գործողությունները։
«Այդ տարածքային ամբողջականության հանգամանքը, որը, մեզ համար տհաճ էր, երբ խոսքը գնում էր «Ադրբեջանական հանրապետություն» հորջորջվող արհեստածին կազմակերպության մասին, ցավալիորեն արդեն դարձել է հաճելի, քանի որ սկսել է խոսք գնալ ՀՀ տարածքային ամբողջականության մասին»,- հայտնեց բանախոսը և հավելեց. «Ադրբեջանի հանրապետության «տարածքային ամբողջականության» խնդրից հասել ենք ՀՀ իրական տարածքային ամբողջականության խնդրին, տես՛եք, թե որտեղից որտեղ ենք հասել, սա է լավագույն ցուցիչը, թե ինչ է բերել հայ ժողովրդի գլխին գործող վարչախումբը»։
Նրա խոսքով, իրանական կողմը գիտակցում է, որ այս պատերազմում ինքը եթե ակնհայտ չի պարտվել, ապա չշահած կողմ է և ակտիվացել է քաղաքականությունը Հարավային Կովկասում, քանի որ նրանց անհրաժեշտ է հնարավորինս ուժեղ Հայաստան։
Վարդան Ոսկանյանը գննում է, որ Հայաստանի ապագայի իշխանությունների և Իրանի շահերը համընկնում են և պետք է շարունակեն այդ ուղղությամբ աշխատել։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան