Առանց Հայաստանի գործուն աջակցության անհնար է հասնել Արցախի անվտանգության ապահովմանը. Տիգրան Աբրահամյան
«Հետպատերազմյան այս 6-7 ամիսների ընթացքում էլ անվտանգության առումով անհրաժեշտ այն աշխատանքները, որոնք պետք է ուղղված լինեին առաջնահերթությունների սահմանմանը և աշխատանքների ծավալմանը, չեն իրականացվել»,- «Պատիվ ունեմ» դաշինքի կազմակերպած քննարկման ժամանակ հայտնեց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմի պատճառը որոշ առումով 2018 թվականի հայտնի իրադարձություններն են, իսկ դրան հաջոդած անգործության հետևանք է վերջին 10 օրերի Հայաստանի սահմանային հատվածում ստեղծված նոր ճգնաժամը:
Տիգրան Աբրահամյանը նկատեց, որ Հայաստանում ծավալվող վերջին իրադարձություններից հետո Արցախում ստեղծված իրավիճակը 2-րդ պլան է մղվել, այն դեպքում, երբ այդ խնդիրներն իրենց կարգավորումը պետք է ստանան նաև ՀՀ աջակցության պայմաններում։
Փորձագետը գտնում է, որ այդ աջակցությունը Արցախին չի տրամադրվում։
Նա նկատեց, որ սահմանային ծառայություն իրականացնելու առումով բավականին մեծ խնդիրներ կան ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախի Հանրապետությունում։
Աբրահամյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ Հայաստանից Արցախ զորակոչի դադարեցման պայմաններում, որևէ լուրջ այլընտրանք չի առաջադրվել։
«Առանց Հայաստանի գործուն աջակցության անհնար է հասնել Արցախի անվտանգային այնպիսի երաշխիքների, որոնք մեզ թույլ կտան ապահովել անվտանգություն Արցախում ապրող մեր հայրենակիցների համար»,- հայտարարեց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի խնդրից բացի, այսօր բախվել ենք նաև Հայաստանի տարածքային և բնակչության անվտանգության խնդիրների. Արտակ Զաքարյան
- Մենք բոլորս ականատես ենք սողացող օկուպացիայի. Խոսրով Հարությունյան
- Արթուր Վանեցյան. Պահն իսկապես օրհասական է, վտանգ է սպառնում Հայաստանի գոյությանը