Բլինքենի հայտարարությունը՝ Բելառուսի կողմից Ryanair-ի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի ու Պրոտասևիչի ձերբակալման մասին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ասել է, որ Վաշինգտոնը խստորեն դատապարտում է Ryanair ինքնաթիռի հետ կապված միջադեպը և պահանջում է ազատել Բելառուսում ծայրահեղական ճանաչված NEXTA Telegram հեռուստաալիքի հիմնադիրներից մեկին` Ռոման Պրոտասևիչին: Այս մասին գրում է Tass-ը։
«ԱՄՆ-ը խստորեն դատապարտում է ԵՄ երկու երկրների միջև թռիչքի ուղղության հարկադիր փոփոխումը, ինչպես նաև լրագրող Ռոման Պրոտասևիչի ձերբակալումը Մինսկում։ Մենք պահանջում ենք նրա անհապաղ ազատ արձակումը։ Ռեժիմի այդ շոկային քայլը վտանգել է ավելի քան 120 ուղևորների կյանքը՝ ներառյալ ԱՄՆ քաղաքացիների»,- ասվում է պետքարտուղարի՝ կիրակի երեկոյան հրապարակված հայտարարության մեջ։
Բլինքենի խոսքերով, նախնական հաղորդումները «բելառուսական հատուկ ծառայությունների ներգրավման և օդանավը ուղեկցելու համար ռազմական ինքնաթիռ օգտագործելու մասին» խոր մտահոգություն են առաջացնում և պահանջում են լիարժեք հետաքննություն»:
Պետքարտուղարը տեղեկացրել է, որ Միացյալ Նահանգները համակարգում են Եվրամիության հետ միջադեպի արձագանքը և աջակցում են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) խորհրդի գումարմանը: ICAO-ի կենտրոնակայանը գտնվում է Մոնրեալում:
«Մենք սերտորեն համակարգում ենք արձագանքը մեր գործընկերների, այդ թվում՝ ԵՄ-ի, Լիտվայի և Հունաստանի իշխանությունների հետ։ Հաշվի առնելով ապացույցները, որ օդանավի վայրէջքը տեղի է ունեցել կեղծ հիմքերով, մենք աջակցում ենք ICAO խորհրդի նիստի գումարմանը` այս իրադարձությունները դիտարկելու համար», - ասվում է հայտարարությունում։
Բլինքենը նաև բարձրաձայնել է Բելառուսում լրագրողների հետապնդումների և ձերբակալությունների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ մայիսի 23-ին Աթենքից Վիլնյուս ուղևորվող Ryanair ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Մինսկում՝ ռումբի մասին կեղծ հաղորդագրություններից հետո։ Վայրէջքից հետո ինքնաթիռում գտնվող Ռոման Պրոտասևիչը ձերբակալվել է Բելառուսի իշխանությոնների կողմից։ Հաղորդվում է, թե նրան կարող է սպառնալ մահապատիժ։
Nexta նախագիծը լուսաբանել է Բելառուսի նախագահական ընտրությունների դեմ բողոքի ցույցերը 2020 թ. օգոստոսին։ Այն երկրում ճանաչվել է որպես օտարերկրյա ծայրահեղական կազմակերպություն և արգելված է, իսկ դրա հեղինակներ Ստեփան Պուտիլոն և Ռոման Պրոտասևիչը ընդգրկված են ահաբեկչական գործողություններում ներգրավված անձանց ցուցակում:
Նրանք մեղադրվում են զանգվածային անկարգություններ կազմակերպելու, ինչպես նաև երկրի իշխանությունների և անվտանգության ուժերի ներկայացուցիչների դեմ «սոցիալական թշնամանք հրահրելու» գործողությունների մեջ: