Ինչ կարգով է իրականացվելու առաջին դասարանցիների հայտագրումը
«Արդեն երրորդ տարին է, որ ՀՀ-ում կիրառվում է էլեկտրոնային հայտագրման համակարգը»,- այսօր հրավիրված ասուլիսում ասաց Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը՝ անդրադառնալով պետական ուսումնական հաստատություններում առաջին դասարանցիների ընդունելության գործընթացին։
Նրա խոսքով, բոլոր այն ուսումնական հաստատություններում, որոնք միակը չեն բնակավայրերում, երեխաների հայտագրումն իրականացվում է էլեկտրոնային համակարգով։ Նա տեղեկացրեց, որ հայտագրման համար անհրաժեշտ է ստուգել երեխաների տվյալները stugum.emis.am հարթակում, որպեսզի հայտագրման ժամանակ ավելորդ խոչընդոտներ չլինեն։
«Իսկ խոչընդոտներից մեկը կարող է լինել այն, որ երեխայի կամ ծնողների փաստաթղթերը թվայնացված չլինեն։ Այդ պարագայում համակարգը չի կարողանա գտնել ծնող-երեխա կապը, և թույլ չի տա հայտագրել երեխային։ Սա արված է մեկ նպատակով, որ մենք չարաշահումներից զերծ մնանք, որ որևէ մեկն իր փաստաթղթով մի քանի երեխայի արագ-արագ չգրանցի։ Հորդորում ենք ծնողներին ստուգել փաստաթղթերը, որ որևէ խնդիր չառաջանա»,- նշեց նա։
Արտակ Պողոսյանը նկատեց, որ եթե ծնողը դպրոցում սովորող երեխա ունի, ապա մյուսին կարող է հունիսի 1-ին հայտագրել այդ դպրոցում։ Նույն կարգն է գործում, եթե ծնողը հանդիսանում է այդ դպրոցի աշխատակից։ Նա նշեց, որ այդ ծնողների համար համակարգը բաց է լինելու մինչև հունիսի 10-ը։
«Իսկ եթե այդ առավելությունից չեն օգտվում ծնողները, ապա հունիսի 11-ից, մյուս բոլոր ծնողներին հավասար իրենք ևս սկսում են գրանցել իրենց երեխաներին։ Հայտագրումից հետո ծնողներն իրենց հեռախոսներին ստանալու են PIN կոդ։ Բայց ծնողները չպետք է անհանգստանան, եթե այդ կոդը չեն ստանում, քանի որ այդ PIN կոդը պետք է միայն հայտը չեղարկելու համար։ Մնացած պարագաներում այդ PIN կոդը ընդհանրապես անհրաժեշտ չէ ծնողին»,- ասաց նա։