Բելգիայի վարչապետ․ Արգելել «Բելավիա»-ի ինքնաթիռների վայրէջքը ԵՄ երկրների օդանավակայաններում
Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դե Կրոուն Եվրամիությանը հորդորում է քննարկել Բելառուսի դեմ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը, այդ թվում` արգելել բելառուսական Belavia ավիաընկերության ինքնաթիռներին վայրէջք կատարել ԵՄ երկրների օդանավակայաններում` կապված Մինսկում իռլանդական Ryanair ընկերության օդանավի արտակարգ վայրէջքի հետ: Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում, գրում է Tass-ը։
«Բելառուսում Ryanair-ի չվերթի հարկադիր վայրէջքն անընդունելի է: Վաղը ԵՄ խորհուրդը պետք է հստակ և միանշանակ պատասխան տա: Մենք պետք է դիտարկենք սանկցիաները՝ այդ թվում Belavia ավիաընկերության ինքնաթիռների վայրէջքի արգելքը ԵՄ երկրների օդանավակայաններում»,-գրել է Բելգիայի վարչապետը, հավելելով, որ Բելառուսում ծայրահեղական ճանաչված NEXTA Telegram ալիքի հիմնադիրը՝ Մինսկում կալանավորված Ռոման Պրոտասևիչը, պետք է անհապաղ ազատ արձակվի:
Հիշեցնենք, որ մայիսի 23-ին Աթենքից Վիլնյուս ուղևորվող Ryanair ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Մինսկում՝ ռումբի մասին կեղծ հաղորդագրություններից հետո։ Վայրէջքից հետո ինքնաթիռում գտնվող Ռոման Պրոտասևիչը ձերբակալվել է Բելառուսի իշխանությոնների կողմից։ Հաղորդվում է, թե նրան կարող է սպառնալ մահապատիժ։
Ռոման Պրոտասևիչը Nexta նախագծի հեղինակներից է, որը լուսաբանել է Բելառուսի նախագահական ընտրությունների դեմ բողոքի ցույցերը 2020 թ. օգոստոսին։ Այն երկրում ճանաչվել է որպես օտարերկրյա ծայրահեղական կազմակերպություն և արգելված է, իսկ դրա հեղինակներ Ստեփան Պուտիլոն և Ռոման Պրոտասևիչը ընդգրկված են ահաբեկչական գործողություններում ներգրավված անձանց ցուցակում:
Նրանք մեղադրվում են զանգվածային անկարգություններ կազմակերպելու, ինչպես նաև երկրի իշխանությունների և անվտանգության ուժերի ներկայացուցիչների դեմ «սոցիալական թշնամանք հրահրելու» գործողությունների մեջ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան