
Զարիֆը մայիսի 25-ին կայցելի Ադրբեջան և Հայաստան
Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտնել է, որ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը մայիսի 25-ին կայցելի Ադրբեջան և Հայաստան: Այս մասին գրում է Pars Today-ը։
Նա նշել է.. «Անցած երկուշաբթի օրը, Իսլամական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների արտակարգ նիստում, ԻԻՀ արտգործնախարարը հայտարարեց Իրանի դիրքորոշումը Պաղեստինի բռնագրավված տարածքներում զարգացումների վերաբերյալ և շեշտեց, որ պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի իրականացրած հանցագործությունները պետք է ճանաչվեն որպես ռազմական հանցագործություններ և մարդկության դեմ ուղղված գործողություններ»:
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ ՀԳՀԾ-ի բանակցային պատվիրակությունը Թեհրան է վերադարձել անցյալ չորեքշաբթի, և խորհրդակցությունները կշարունակվեն Վիեննայում այս շաբաթ: Նա հավելել է, որ Եմենի և Աֆղանստանի հարցերով Իրանի հատուկ բանագնացները նույնպես խորհրդակցել են իրենց գործընկերների հետ: