Լևոն Տեր-Պետրոսյանը մարդկային առումով իրեն թերագնահատված է զգում. Արա Վարդանյան
«Լևոն Տեր-Պետրոսյանն անընդհատ փորձում է իրադարձությունների կիզակետում լինել, և դա մի քանի պատճառ ու նպատակ ունի»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի ներկայացուցիչ Արա Վարդանյանը՝ նշելով, որ այդ նպատակներից առաջինն այն է, որ նա այդպես էլ չկարողացավ ազատագրական պայքարին փոխկապակցված անձ դառնալ, թեպետ այդ ժամանակ նա էր ղեկավարում ՀՀ-ն։
Մինչդեռ, նրա խոսքով, եթե դուրս գան փողոց ու հարցնեն, թե Արցախյան առաջին պատերազմի ընթացքում ովքե՞ր էին հաղթանակ կերտողները, ապա մարդիկ կպատասխանեն՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Վազգեն Սարգսյանը։
«Բայց ես կասկած չունեմ, որ հարցվածները չեն հիշատակի Լևոն Տեր-Պետրոսյանի անունը։ Սա շատ կարևոր է. Լևոն Տեր-Պետրոսյանը մարդկային առումով իրեն թերագնահատված է զգում, և այդ է պատճառը, որ շոշափում է այն մարդկանց անունները, որոնք կապ ունեին մեր հաղթանակի հետ։
Դեռևս 1997 թվականին, երբ պահանջ կար, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տա, նա մտցրեց պատերա՞զմ, թե՞՝ խաղաղություն թեզը։ Եվ այսօր էլ նա փորձում է ցույց տալ, թե տեսեք, ես ճիշտ էի ասում՝ մենք չէինք կարող այդ հողերը պահել։ Սա շատ մանր մանիպուլյացիա է, որը սազական չէ առաջին նախագահին։ Իսկ մեղավորներ փնտրելիս պետք չէ մեղավորներ փնտրել, պետք է գնալ հետ ու նայել, թե ովքեր էին ղեկավարում երկիրը»,- կարծիք հայտնեց նա։
Ըստ Արա Վարդանյանի, ՀՀ-ում այս պահին առկա խայտառակ վիճակը հենց այսօրվա իշխանությունների ուսերին է, իսկ այսօրվա իշխանության առաջորդին «ծնել է» Լևոն Տեր-Պետրոսյանը։
«Եվ այսօր ինչ դե ֆակտո իրականացրել է Նիկոլ Փաշինյանը, այն է, ինչ տարիներ առաջ ցանկանում էր իրականացել Լևոն Տեր-Պետրոսյանը՝ առանց պատերազմի։ Ես միանշանակ համոզված եմ, որ Հայաստանում չէր կարող ծնվել մարդ, որը կարող էր մարսել առանց պատերազմի այն ամենը հանձնելը, ինչը հանձնեց Նիկոլ Փաշինյանը։ Դրա համար նրանք նախաձեռնեցին կործանիչ պատերազմ, ժողովրդի մեջ վախ ստեղծեցին ու առաջացրին անհասկացողության մթնոլորտ։ Ժողովրդի մի մասը կամ ու կացի մեջ է, թե ինչու ենք մենք պարտվել՝ բանա՞կն էր թույլ, թե՞՝ Նիկոլը դավաճան»,- ասաց նա։
Արա Վարդանյանի խոսքով, մարդկանց այս հարցերը պատասխան կստանան միայն իշխանափոխությունից հետո։
«Պետք է հաշվի առնել, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Նիկոլ Փաշինյանն ունեն ֆենոմենալ մի բան՝ մանիպուլյացիայի ենթարկելու կարողություն։ Այդ արվեստը բավականին լուրջ բան է, և ես չեմ զարմանում, որ նրանք կարողացան մարդկանց լայն շերտերի համախմբել...։ Եվ եթե 2008-ին իշխանությունը հանձնվեր Լևոն Տեր-Պետրոսյանին, ապա այն ամենը, ինչի ականատեսն ենք մենք այսօր, տեղի կունենար 2010-11 թվականին։ Նրանք երկար ժամանակ պլանավորում էին նման սադրանքներ, Սերժ Սարգսյանի նախագահության օրոք էլ եղան մի քանի սադրանքներ, որոնք նա կարողացավ հաղթահարել»,- նշեց նա։
Ավելի վաղ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր. «Փաշինյանն, իրոք, պարտության միակ պատասխանատուն չէ։ 1997 թվականից ի վեր՝ Հայաստանի բոլոր կուսակցությունները, բացի ՀՀՇ-ից, վիժեցնելով փոխզիջումային լուծման ամենանպաստավոր հնարավորությունը, որդեգրեցին ստատուս-քվոյի պահպանման ու փոխզիջումների մերժման կործանարար ուղեգիծը: Այն դարձավ ՀՀ հաջորդ վարչախմբերի պետական մակարդակի բարձրացված քաղաքականություն, հասցնելով այն աղետին, ինչում նրանք այսօր մեղադրում են միայն Փաշինյանին»։
Հարակից հրապարակումներ`
- Այս պահին Հանրապետության հրապարակ պետք է գան Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը․ Էդգար Ղազարյան
- Եթե ՀԱԿ-ը մասնակցի ընտրություններին, ցուցակը գլխավորելու պարտավորությունը ջարդվելու է իմ գլխին. Լևոն Տեր-Պետրոսյան
- Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակած հայտարարության տեքստը Սերժ Սարգսյանը տեսնում է առաջին անգամ․ գրասենյակ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան