Եվրախորհրդարանը Ryanair չվերթի հետ կապված միջադեպը որակել է «պետական ահաբեկչություն»
Եվրախորհրդարանի՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) առաջատար խմբակցության ղեկավար՝ Մանֆրեդ Վեբերը Ryanair ինքնաթիռի Մինսկում արտակարգ վայրէջք կատարելու դեպքը որակել է պետական ահաբեկչության ակտ: Այս մասին նա հայտարարել է Funke լրատվական խմբի կողմից երկուշաբթի օրը հրապարակված հարցազրույցում, գրում է Tass-ը։
«Դիկտատոր [Բելառուսի նախագահ Ալեքսանդր] Լուկաշենկոն իր անընդունելի պետական ահաբեկչության ակտով սպառնալիքի տակ է դնում Եվրոպայում քաղաքացիական օդային ճանապարհորդությանը։ Անհրաժեշտ է հստակ պատասխան և վճռական գործողություն եվրոպական երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների կողմից», - պնդում է Վեբերը:
Վեբերը նշում է, որ ԵՄ խորհուրդը [հանդիպումը մայիսի 24-25-ին] «պետք է միանշանակ ազդանշան ուղարկի, որ Եվրոպայում նման գործողություններին տեղ չկա»:
Իր հերթին, «Կանաչների» առաջնորդ Անալենա Բերբոկը, որն այս կուսակցության կողմից առաջադրվել էր ԳԴՀ կանցլերի պաշտոնում, Ryanair-ի չվերթի շուրջ ստեղծված իրավիճակն անվանել է «մարդատար ինքնաթիռի պետական առևանգում»: Այս մասին նա գրել է Twitter-ում:
Հիշեցնենք, որ մայիսի 23-ին Աթենքից Վիլնյուս ուղևորվող Ryanair ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Մինսկում՝ ռումբի մասին կեղծ հաղորդագրություններից հետո։ Վայրէջքից հետո ինքնաթիռում գտնվող Ռոման Պրոտասևիչը ձերբակալվել է Բելառուսի իշխանությոնների կողմից։
Հաղորդվում է, թե նրան կարող է սպառնալ մահապատիժ։ Ռոման Պրոտասևիչը Nexta նախագծի հեղինակներից է, որը լուսաբանել է Բելառուսի նախագահական ընտրությունների դեմ բողոքի ցույցերը 2020 թ. օգոստոսին։
Այն երկրում ճանաչվել է որպես օտարերկրյա ծայրահեղական կազմակերպություն և արգելված է, իսկ դրա հեղինակներ Ստեփան Պուտիլոն և Ռոման Պրոտասևիչը ընդգրկված են ահաբեկչական գործողություններում ներգրավված անձանց ցուցակում: Նրանք մեղադրվում են զանգվածային անկարգություններ կազմակերպելու, ինչպես նաև երկրի իշխանությունների և անվտանգության ուժերի ներկայացուցիչների դեմ «սոցիալական թշնամանք հրահրելու» գործողությունների մեջ: