Ստեփանակերտն ու Փարիզը «հարստացան» Շառլ Ազնավուրի կիսանդրիներով
Մայիսի 22-ին լրացավ աշխարհահռչակ արտիստր Շառլ Ազնավուրի 97-րդ տարեդարձը։ Այդ օրն ի նշանավորումն լեգենդար արտիստի 97-ամյա տարեդարձի, Փարիզում և Ստեփանակերտում բացվել են Շառլ Ազնավուրի կիսանդրիները:
artsakhtert.com-ի հաղորդմամբ, Արցախի Հանրապետության մայրաքաղաքում կանգենցված կիսանդրու հեղինակն արցախցի արվեստագետ Յուրի Հովհաննիսյանն է։ Նրա խոսքով` հուշարձանը երախտիքի խոսք է հայ ժողովրդի արցախյան հատվածի կողմից ֆրանսիական ժողովրդին. «Ապրելով և ստեղծագործելով արվեստների մայրաքաղաք Ֆրանսիայում, նա որպես պոետ ու երգիչ Սայաթ-Նովայի ու ֆրանսիական ժողովրդական երգարվեստի ավանդույթներին միաձուլեց իր ինքնատիպ հոգեպարար երգը` դառնալով համայն մարդկության սիրո պատգամախոս։
Նա ծնվեց և ապրեց որպես հայ և ստեղծագործեց որպես ֆրանսիացի` դառնալով հայ և ֆրանսիական ժողովուրդների բարեկամության խորհրդանիշ։ Թող Ազնավուրի ծիծաղը ուղեկից լինի մեզ` ի փառս հայ և ֆրանսիական ժողովուրդների դարավոր բարեկամությանն ու մղի մեզ հաղթանակների»:
Ազնավուրի կիսանդրու բացման առթիվ Ազնավուրի որդին՝ «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրն իր և ընտանիքի անունից շնորհակալություն է հայտնել, ողջույնի խոսքեր հղել: Այս մասին տեղեկանում ենք «Ազնավուր» հիմնադրամից։
«Հայրս՝ Շառլ Ազնավուրը, շատ էր սիրում Արցախը, նա շատ հաճելի հիշողություններ ուներ Գանձասար, Վանք և այլ գեղեցիկ վայրեր այցելելություններից։
«2020-ի սեպտեմբերից «Ազնավուր» հիմնադրամը նախաձեռնել է հումանիտար օգնության ծրագրեր՝ ուղղված արցախյան պատերազմից տուժած բնակչիչներին, ինչը կաներ Ազնավուրը, եթե կենդանի լիներ»,- մասնավորապես ուղերձում նշել է Նիկոլա Ազնավուրը:
Փարիզում ֆրանսահայ շանսոնյեի կիսանդրին բացվել է «Ազնավուր» հիմնադրամի և Փարիզի քաղաքապետարանի համագործակցությամբ: «Ազնավուր» հիմնադրամից հայտնում են, որ արձանի ընտրության վայրը պատահական չէ. այն տեղադրվել է Օդեոնի հրապարակում՝ Մսյո լը Պղենս փողոցին կից, որի շենքերից մեկում ապրում էին Ցեղասպանությունից փրկված ու Ֆրանսիայում ապաստան գտած Ազնավուրյանները:
Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն:
«Հայրս իր համեստ բնավորության և տաղանդի շնորհիվ դարձել է ֆրանսիական երգի և մշակույթի խորհրդանիշն ամբողջ աշխարհում: Այսօր մենք ուրախ ենք մասնակցել նրա կիսանդրու բացման արարողությանը Փարիզի Մսյո լը Պղենս փողոցին հարող այս հրապարակում: Որպես «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել տիկին Իդալգոյին, պարոն Լըկոքին և Փարիզի քաղաքապետարանին՝ աջակցության և այս միջոցառումը կազմակերպելու համար:
Երբ հայրս առաջին անգամ այցելեց Հայաստան, քանդակագործ Ալիս Մելիքյանը նրան նվիրեց այս կիսանդրին: Տարիներ շարունակ այն խնամքով պահվել է մեր տանը, բայց այսուհետ այն պատկանում է բոլոր փարիզցիներին և քաղաքի հյուրերին: Հուսով ենք՝ այս կերպ կօգնենք պահպանել հավաքական հիշողությունը և նրա մշակութային ժառանգությունը», - իր ելույթում նշել է Նիկոլա Ազնավուրը:
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն նշել է՝ Շառլ Ազնավուրն ու Փարիզն իրար հավերժ սիրահարված են. «Սա, իրապես, մեծ սիրո շատ սիրուն պատմություն է։ Եվ մայրաքաղաքի հանդեպ իր սերը նա նշանավորել է անմոռանալի երգերով՝ «Սիրում եմ Փարիզը՝ մայիսին», «Ես տեսա Փարիզը», «Փարիզցի մանչը» և, իհարկե, «Բոհեմը»...Բազմաթիվ այլ գործեր էլ, որոնք նրա հիացմունքն ու սերն են արտացոլում Փարիզի հանդեպ...Ակնհայտ է, որ քաղաքի հանդեպ նրա այս սերը փոխադարձ է»։
Հարակից հրապարակումներ`
- Փարիզում բացվեց Ազնավուրի կիսանդրին
- Ստեփանակերտում բացվել է Շառլ Ազնավուրի կիսանդրին
- Երեք տարի՝ առանց Շառլ Ազնավուր. մեծն շանսոնյեն կդառնար 97 տարեկան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան