Թուրքական ընկերության կողմից Վրաստանում ՀԷԿ-ի կառուցման դեմ բողոքողներն անցել են վրանային պայքարի
Վրաստանում թուրքական «Էնկա» ընկերության կողմից «Նամախվան ՀԷԿ»-ի կառուցման դեմ բողոքողները վրաններ են տեղադրել Թբիլիսիում, Հանրապետության հրապարակում: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։
«Բազմաթիվ մարդիկ տարբեր մարզերից միացել են բողոքի ցույցին, շատ մարդիկ են ժամանել, նրանք մնում են ու գիշերելու են վրաններում: Գիշերակացը հնարավորինս նորմալ անցկացնելու համար վրաններն անհրաժեշտ են, որտեղ նրանք կկարողանան հանգստանալ: Թե որքան ժամանակ կտևի դա կախված է նրանից, թե ինչպես իշխանություններն կարձագանքեն պահանջներին, որոնք հնչեցրել են Ռիոնի կիրճի պահակները», – հայտարարել է ցույցի մասնակից՝ Սաբա Կվանտրիշվիլին:
Նրա խոսքով, Հանրապետության հրապարակում տեղադրվելու է շուրջ 50 վրան:
Հարցին՝ «Նախատեսու՞մ եք փակել ճանապարհը», ցուցարարը պատասխանել է, որ բողոքի այս ձևը համաձայնեցված է քաղաքապետարանի հետ:
«Այո, դա համաձայնեցված է քաղաքապետարանի հետ: Կլինեն մոտ 50 վրաններ, գուցե ավելին: Բողոքի նման ձևը համաձայնեցվել է քաղաքապետարանի հետ», – հավելել է Սաբա Կվանտրիշվիլին:
Ցուցարարները սպասում են իրենց պահանջների վերաբերյալ իշխանությունների որոշմանը:
Ինչպես ասում են, իշխանություններին ժամանակ են տալիս մինչև մայիսի 24-ի ժամը 12:00-ն և եթե պահանջները չկատարվեն, մայրաքաղաքը կաթվածահար կլինի:
Ինչ վերաբերում է պահանջներին, ապա հանրահավաքի կազմակերպիչներից մեկի՝ Վառլամ Գոլեթիանիի խոսքով, «Էնկա» ընկերությունը պետք է լքի Ռիոնի կիրճը, պետք է կասեցվի ընկերության հետ կնքված պայմանագիրը, չեղյալ համարվի 2015 թվականից ընկերությանը տրված բոլոր փաստաթղթերը:
Ըստ նրա, պահանջները ներառում են նաև էկոնոմիկայի նախարարի հրաժարականը, բոլոր նրանց պատասխանատվությունը, ովքեր անմիջականորեն մասնակցում են այս նախագծին և էներգետիկ ոլորտում մորատորիումի հայտարարումը:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մարտին հայտարարել էր, որ թեև Նամախվանի ՀԷԿ-ի ամբարտակի կառուցումը շատ կարևոր է Վրաստանի համար, սակայն բնակիչների և բնապահպանների բողոքի ֆոնին այն դադարեցվել է 9-12 ամսով:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում կասեցվել է թուրքական ընկերության կողմից ՀԷԿ-ի շինարարությունը
- Վրաստանում ցուցարարները պահաջում են չեղարկել թուրքական ընկերության կողմից ՀԷԿ-ի շինարարությունը