Հայաստանյան լրագրողական կազմակերպությունները տարածել են հայտարարություն
Բելառուսում Telegram-ի Nexta ընդդիմադիր ալիքի ստեղծող Ռոման Պրոտասևիչին ձերբակալելու վերաբերյալ։
Համատեղ հայտարարության մեջ ասված է.
«Միջազգային լրագրողական հանրությունը Բելառուսի իշխանությունների վրդովեցուցիչ վարքագծի ականատեսը դարձավ։ Մայիսի 23-ին Telegram-ի Nexta ընդդիմադիր ալիքի ստեղծող Ռոման Պրոտասևիչին ձերբակալելու համար երկրի ղեկավարությունը կիրառեց աննախադեպ միջոց՝ Աթենք-Վիլնյուս չվերթն իրականացնող Ryanair ընկերության օդանավին ստիպելով վայրէջք կատարել Մինսկում։ Սա Բելառուսում լրագրողների հանդեպ անօրինական գործողությունների առաջին դեպքը չէ։ Այդ երկրում մեր շատ գործընկերներ տարիներ շարունակ, հատկապես՝ 2020թ․ նախագահական խնդրահարույց ընտրություններից հետո, ենթարկվում են անթույլատրելի հետապնդումների։
2016-ի դեկտեմբերին երկրի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի անմիջական մասնակցությամբ ձերբակալվեց և Ադրբեջանին հանձնվեց ճանապարհորդ և բլոգեր Ալեքսանդր Լապշինը։
Պաշտոնական Մինսկն անտեսել էր այն հանգամանքը, որ Լապշինը Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի է, իսկ Բելառուսում գտնվում էր որպես արտասահմանցի զբոսաշրջիկ ու երկրի որևէ օրենք չէր խախտել։ Հայտնի է, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը մայիսի 20-ին՝ Պրոտասևիչի դեպքից ընդամենը 3 օր առաջ, Լապշինի գործով վճիռ կայացրեց՝ Ադրբեջանին մեղադրելով Բաքվի բանտում բլոգերի հանդեպ դաժան կտտանքների, մահափորձի, ինչպես նաև՝ փաստաթղթերի կեղծման համար։ ՄԻԵԴ վճիռն անուղղակի մեղադրանք էր նաև Բելառուսի իշխանությունների հասցեին, սակայն դա վերջիններիս հետ չպահեց անթույլատրելի գործողություններից, որոնք ակնհայտ մարտահրավեր էին միջազգային հանրությանը և միջազգային իրավունքին։
Մենք՝ հայաստանյան լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներս, կոչ ենք անում աշխարհի առաջնորդներին՝ վճռական և կոշտ միջոցներ ձեռնարկել խոսքի ազատության սկզբունքները ոտնահարող ռեժիմների դեմ, որոնք է՛լ ավելի են ահագնացնում ճնշումները լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ: Անցյալ տարվա աշնանը 44-օրյա Արցախյան պատերազմում տուժեցին և հայ, և արտասահմանցի մի շարք գործընկերներ, և որպես այդ պատերազմն ապրած երկրի քաղաքացի և լրագրող՝ մենք չենք կարող անտարբեր մնալ ժամանակակից քաղաքակրթության հիմնարար արժեքների ցինիկ մերժման փաստերի նկատմամբ և զրոյական հանդուրժողականություն ենք պահանջում նման դեպքերի հանդեպ»։
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
«ՖԵՄԻԴԱ» ՀԿ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան