Ադրբեջանցիների կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
Թշնամու՝ ԶՈւ զինծառայողների կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու, ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու և ՀՀ ԶՈւ զինծառայողի սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ մանրամասներ հայտնելով հայ զինծառայողի սպանության միջադեպից։
«25.05.2021թ. ժամը 14.20-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մի խումբ զինված զինծառայողներ՝ իրենց հրամանատարների կազմակերպմամբ, առանց թույլտվության, ապօրինի հատել են ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի վարչական տարածքում գտնվող Վերին Շորժա բնակավայրի սահմանային հատվածում պահպանվող ՀՀ պետական սահմանը եւ ունենալով ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու դիտավորություն՝ բռնության կոչեր են հնչեցրել այդ հատվածում պահպանություն իրականացնող ՀՀ ԶՈւ-ի զինծառայողների նկատմամբ, պահանջել են դիմադրություն ցույց չտալ ու ազատել տարածքը:
Առաջացած վիճաբանության ընթացքում նրանք դիտավորությամբ կրակահերթեր են արձակել ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, որի արդյունքում ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ` 1989թ. ծնված Գ. Խուրշուդյանը որովայնի շրջանում ստացել է հրազենային վիրավորում: Զինծառայողը տեղափոխվել է Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ, որտեղ արձանագրվել է նրա կենսաբանական մահը:
ԱՀ ԶՈւ-ի զինծառայողների կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու եւ բռնություն գործադրելու միջոցով ՀՀ տարածքի մասն այլ պետությանը հանձնելուն ուղղված գործողություններ կատարելու, ՀՀ ԶՈւ զինծառայողի դիտավորյալ սպանություն կատարելու դեպքի առթիվ Սեւանի կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի, 300.2-րդ հոդվածի եւ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ եւ 13-րդ կետերի հատկանիշներով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնին:
Հ.Գ. ՀՀ ՊՆ-ն հայտնել էր այսօր՝ մայիսի 25-ին, ժամը 13:00-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարեւելյան հատվածում տեղակայված զորամասում ժամկետային զինծառայող, շարքային Մ. Հովհաննիսյանի՝ գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով հայտնաբերման մասին:
Այս ցավալի դեպքի կապակցությամբ հարկ եմ համարում տեղեկացնել, որ ներկա փուլում դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, կատարվում են անհետաձգելի բոլոր անհրաժեշտ գործողությունները:
Դեպքը տեղի չի ունեցել Գեղարքունիքի մարզում, ինչպես ներկայացվում է առանձին լրատվամիջոցներում: Խնդրում եմ՝ ապատեղեկատվություն չտարածել»,- գրել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին