Բերված պաշտոնական պատճառներն ինձ համար համոզիչ չեն. Հենրիխ Մխիթարյանն՝ Ազգային հավաքական չհրավիրվելու մասին
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը:
Առաջին անգամ Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել ԲԿՄԱ-ի դարպասապահ Արման Ներսեսյանը, «Արարատ-Արմենիայի» պաշտպաններ Ալբերտ Խաչումյանը և Դավիթ Տերտերյանը, «Ալաշկերտի» կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը և «Ուրարտուի» հարձակվող Կարեն Մելքոնյանը:
ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Խոակին Կապառոսը խոսել է առաջիկա հանդիպումների կարևորության մասին և մեկնաբանել ֆուտբոլիստների ընտրությունը.
«Առաջիկա երկու հանդիպումները շատ կարևոր են: Մրցելու ենք թիմերի դեմ, որոնք պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը՝ նախապատրաստվելով սեպտեմբերին կայանալիք պաշտոնական հանդիպումներին: Երբ խաղում է ազգային հավաքականը, չկան ընկերական հանդիպումներ. բոլոր խաղերն էլ կարևոր են, քանի որ մենք ներկայացնում ենք ազգը և երկիրը:
Հիմնական կազմի մի շարք ֆուտբոլիստներ այս անգամ բացակայում են ցուցակից: Մենք շատ լավ ենք ճանաչում այդ ֆուտբոլիստներին, մեծ հույսեր ենք կապում նրանց հետ և շատ կարևորում նրանց դերը, սակայն այս անգամ որոշել ենք հանգստի հնարավորություն տալ նրանց և գործի մեջ տեսնել մի քանի երիտասարդների: Կարծում եմ՝ սրանից ավելի լավ հնարավորություն չի կարող լինել նրանց համար: Հրավիրել ենք այն ֆուտբոլիստներին, որոնք իրենց լավ են դրսևորել ներքին առաջնությունում և ցանկանում ենք ստուգել նրանց կարողությունները Խորվաթիայի և Շվեդիայի կարգի հզոր հավաքականների դեմ խաղերում»:
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար անակնկալ է եղել հրավեր չստանալը Խորվաթիայի և Շվեդիայի հավաքականների հետ առաջիկա ընկերական խաղերին։
«Ի զարմանս ինձ, Հայաստանի հավաքականի մարզչական կազմն ինձ հայտնեց, որ ինչ-ինչ պատճառներով ինձ չեն հրավիրել առաջիկա միջազգային հանդիպումներին։ Բերված պաշտոնական պատճառներն ինձ համար համոզիչ չեն։ Այնուամենայնիվ, ես կանգնած եմ մեր տղաների կողքին և լավագույնն եմ ցանկանում առաջիկա խաղերում»,- ֆեյսբուքյան էջում գրել է Մխիթարյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը հունիսին անցկացնելու է ընկերական 2 հանդիպում: Հունիսի 1-ին՝ ժամը 20:00-ին (Երևանի ժամանակով)՝ Վելիկա Գորիցայի Քաղաքային մարզադաշտում, կկայանա Խորվաթիա-Հայաստան, իսկ հունիսի 5-ին՝ ժամը 22։45-ին՝ Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» մարզադաշտում՝ Շվեդիա-Հայաստան ընկերական հանդիպումը: