Եթե անվտանգային խնդիրը լուծված չէ, պետք է տնտեսական զարգացման կամ արագ ներդրումների մասին մոռանալ. Վարդան Արամյան
«Ընտրություններից հետո նոր կառավարությունը պետք ուշադրություն դարձնի, որ կայունության չորս հենասյուներից երեքը, որոնք այսօր բացակայում են, արագ կարգաբերի»,- «Պատիվ ունեմ» դաշինքի նախաձեռնած կլոր սեղան-քննարկման ժամանակ ասաց ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը:
Նրա խոսքով, միջազգային փորձը ցույց է տալիս, որ այս հենասյուներից ամենակարևորը, եթե անվտանգային խնդիրը լուծված չէ, պետք է տնտեսական զարգացման կամ արագ ներդրումների, ներհոսքի մասին ուղղակի մոռանալ:
«2018-2019-ին կառավարությունը պահային որոշումներ էր կայացնում առանց հեռակետին նայելու: Այսինքն գայթակղվեց հարկերի հավաքագրման բարձր մակարդակով 2018 թվականին և չափից շատ ընթացիկ ծախսերի գծով պարտավորությունը ստանձնեց, որի հնարավորությունն ուղղակի չուներ»,- ասաց Վ. Արամյանը:
Նրա խոսքով, հիմա պարտադրված ենք ապրել մի իրողության մեջ, որտեղ 2021 թվականի բյուջեն նախագծված է 342 միլիարդ դրամ պակասորդով, որից ընդամենը 215 միլիարդն ենք ուղղում կապիտալ ծախսերին, իսկ մնացած պարտքային միջոցները վերաուղղվում են ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը՝ թոշակ, աշխատավարձ, այլ գնումները, ինչը լուրջ խնդիր է:
«Որպեսզի կարողանանք կարգաբերենք մեր ֆինանսները, անհրաժեշտ է քաջություն լինի ու խորը վերլուծական աշխատանք, թե ըստ ճյուղային ոլորտների մենք որտեղ ենք գերակայություններ սահմանում, ինչպես ենք վերանայում մեր գերակայությունները»,- ասաց Վարդան Արամյանը:
Ըստ նրա, հաջորդ կարևոր խնդիրը, որը նոր կառավարությունը պետք է իր դիտակետում պահի, հաղորդակցությունն է տնտեսվարող սուբյեկտների և հանրության հետ:
«Մենք պետք է մոռանանաք այն դոկտրինան, որ այսօր կառավարությունը մի բան է ասում, հաջորդ օրը մի բան է անում, երրորդ օրն այլ բան է անում, այդ ֆոնի վրա ներդրումները միանգամից կներհոսեն: Դա կլինի ներքին ներդրումներ, թե արտաքին աշխարհից:
Սա ակադեմիական աշխարհում ընդունված տնտեսագիտական դոկտրիան է, որ տնտեսվարողները սիրում են կայունություն և այդ կայունության մեջ բացի չորս հենասյուներից շատ կարևոր է, թե կառավարությունն ինչ ազդակներ է տալիս, և այդ ազդակները նա հետագայում ինչպես է պահպանում»,- ասաց նա:
Վ. Արամյանի խոսքով, եթե կառավարությունն իր նախանշած ուղղությունների և ազդակների ուղղությամբ լրիվ հակառակն քայլն է անում, տնտեսվարողները «դառնում են սկեպտիկ»:
Վ. Արամյանը որպես երրորդ ուղղություն հետպատերազմյան և հետճգնաժամյան ժամանակահատվածում խիստ կարևորում է շատ արագ միջոցներ մոբիլիզացնելն ու կապիտալի կուտակում կատարելը, որպեսզի կարողանան ամրացնել տնտեսական հենքերը:
«Լավագույն ոլորտը, որը կարող է ապահովել արագ ֆինանսների ներհոսք մեր տնտեսություն հանքագործության ոլորտն է: Այստեղ պետք է ուշադրություն դարձնել շրջակա միջավայրի խնդիրներն ու տնտեսական շահերը բալանսավորելուն:
Իրականում մեր երկիրն ունի հնարավորություն, որը պետք է ճիշտ օգտագործել: Կան գործող ընկերություններ, դրանց պոտենցիալը պետք է ճիշտ օգտագործել, որպեսզի կարողանանք տնտեսական ակտիվությունն արագ վերականգնենք»,- նշեց ֆինանսների նախկին նախարարը:
Վարդան Արամյանի կարծիքով, մի բան, որն անընհատ բացակայել է, միջազգային կառույցների գործիքների և հնարավորությունների ճիշտ օգտագործումն է:
«Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային բանկը համավարակից հետո բազմաթիվ գործիքակազմեր դրեցին սեղանի վրա որպես օգնության երկրներին: Ցավոք, մեր երկիրը թերացավ այդ գործիքներից շատ արդյունավետ կերպով և արագ օգտվելուց: Շատ երկրներ այդ փաթեթներից շատ հաջողությամբ կարողացան օգտվել:
Նոր կառավարության չորրորդ ուղղությունը այն է լինելու, որ բավականին ակտիվ կերպով օգտագործենք միջազգային կառույցների հնարավորությունները»,- նշեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Վաչե Գաբրիելյանը ներկայացրեց տնտեսական զարգացումների համար ճչացող անհրաժեշտությունը
- Արթուր Վանեցյան. «Ճգնաժամ», «սնանկացում» բառերը, ցավոք սրտի, դառնալու են շատ հաճախ գործածվող
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են