Նոր գեղաթերթիկ` նվիրված մյուռոնօրհնությանը
Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում «Հայփոստը» մարել և շրջանառության մեջ է դրել «Մյուռոնօրհնություն» թեմային նվիրված մեկ նամականիշով գեղաթերթիկ:
Մյուռոնօրհնությանը նվիրված գեղաթերթիկի վրա պատկերված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վանքը, իսկ նամականիշի վրա՝ Սրբալույս Մյուռոնի կաթսան: Այս մասին հայտնում է «Հայփոստ» ՓԲԸ մամուլի ծառայությունը:
Մարման պաշտոնական արարողությանը ներկա են եղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, բարձրագույն հոգևոր դասի ներկայացուցիչներ, հրավիրյալ քաղաքացիներ: Մարմանը մասնակցեցին ՀՀ Տրանսպորտի և կապի փոխնախարար Գագիկ Թադևոսյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչատնտեսական բաժնի տնօրեն Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը:
Անկախ Հայաստանի Հանրապետության նամականիշերի վրա պատկերվել են մեծ թվով հայկական եկեղեցիներ, խաչքարեր, կրոնական մշակույթի պարագաներ: Իսկ վերջին տարիներին հայկական նամականիշերի միջոցով աշխարհին է ներկայացվել Կեչառիս եկեղեցական համալիրի գլխավոր` 1000-ամյա Սուրբ Գրիգոր եկեղեցին, Գանձասարի վանքը, Էջմիածնի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցին, Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցին, Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն առաջնորդանիստ եկեղեցին և այլն:
«Հայփոստ թրասթ մենեջմենթ» Բ.Վ.-ն և «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունը շարունակում են իրենց քաղաքականությունն ուղղված հայկական ֆիլատելիայի զարգացմանը և տարածմանը:
Տեխնիկական տվյալներն են.
Անվանումը. Մյուռոնօրհնություն
Թողարկման օրը` 29 սեպտեմբերի 2015թ.
Դիզայնը` Գևորգ Պողոսյան
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Նամականիշի չափսերը` 30,0 x 40,0 մմ
Գեղաթերթիկի չափսերը` 90,0 x 70,0 մմ
Տպաքանակը՝ 20 000
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում