Երևանի հ. 100 հիմնական դպրոցն անվանակոչվեց Դավիթ Սարապյանի՝ Դևի անունով
Երևանի ավագանու որոշմամբ «Երևանի համար 100 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը անվանակոչվեց Արցախի ազատամարտի մասնակից, գրող Դավիթ Սարապյանի անվամբ՝ «Երևանի Դավիթ Սարապյանի անվան հ.100 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
Նիստիում նշվեց, որ Երևանի հ.100 հիմնական դպրոցն Արցախի ազատամարտի մասնակից, գրող Դավիթ Սարապյանի անվամբ անվանակոչելու վերաբերյալ դպրոցին առաջարկություն է ներկայացվել գրող, հրապարակոս Էլվինա Մելքումյանի կողմից: Հարցը քննարկվել է դպրոցի կառավարման և խորհրդակցական մարմիններում և արժանացել հավանության:
Դավիթ Սարապյանը ծնվել է 1966 թվականի փետրվարի 4-ին Երևանում՝ ճարտարապետի ընտանիքում։ Հայրը՝ Էդուարդ Սարապյանը, Երևանի գլխավոր ճարտարապետն է եղել, մայրը՝ Էմմա Սարապյանը` ականավոր գիտնական։ Ձերժինսկու անվան միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Սարապյանն ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետ։
1984 թվականի մայիսին մեկնել է խորհրդային բանակ: Աշխատել է որպես ռեժիսոր, գրել պատմվածքներ, «300 վայրկյան» վիպակը: 1990 թվականին մեկնել է ռազմաճակատ՝ առաջանագիծ, կռվել հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի «Անկախության բանակի» շարքերում, ապա՝ «Տիգրան Մեծ» ջոկատի կազմում: Մասնակցել է Շահումյանի շրջանի Բուզլուխ, Մանաշիդ, Ղարաչինար, Սարիսու, Էրքեջ գյուղերի ինքնապաշտպանական մարտերին։ 1991 թվականի հոկտեմբերի 30-ին մասնակցել է Հադրութի շրջանի Տող գյուղի ազատագրմանը։ 1991թ. հոկտեմբերի 30-ին ազատագրվել է ռազմական մեծ նշանակություն ունեցող Տող գյուղը: Տուն դառնալով՝ սովորաբար զուսպ Դավիթն ուրախությամբ հայտնում է մորը. «Քո հարազատ գյուղն ազատագրված է: Հիմա պետք է ազատագրել հորս հարազատ քաղաքը՝ Էրզրումը…»:
Դավիթը մշտապես հայտնվում էր ամենադժվարին տեղերում՝ առաջապահ դիրքերում` բոլորին վարակելով իր քաջությամբ ու վճռականությամբ: Հայ ռազմիկի ուժը թշնամու վրա սարսափ էր տարածում և պատահական չէ, որ ադրբեջանցիները նրան անվանում էին «Ահեղ Դև»: Դևը հաճախ խորամանկությամբ ու հմտությամբ թշնամու մոտ բազմաքանակ զորքի տպավորություն էր ստեղծում և ստիպում նրան խուճապահար նահանջել:
Դավիթ Սարապյանը զոհվել է Շահումյանի շրջանի Թոդան գյուղի համար մղվող մարտում՝ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին, աճյունն ամփոփված է Եռաբլուրում:
«Դավիթ Սարապյանը մեր հաղթանակի սյուներից է, մեր ազգի տաճարի անկյունաքարերից մեկը։ Դեռ կարող էր շատ հաղթանակների հասնել, շատ բարձունքներ նվաճել, բայց, ավաղ։ Նրա հերոսական մահն ավելի բարձրացրեց Դավթի լուսավոր կերպարը, որ կրում եմ իմ մեջ…»,- Դավիթի մասին ասել է Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։